ՀՀ նախագահը պարգևատրել է Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների

20.12.2007, 17:46
ՀՀ նախագահը պարգևատրել է Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զինվորական կոչումներ է շնորհել և մեդալներով պարգևատրել Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների՝ դեկտեմբերի 20-ին հանրապետությունում նշվող նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 15-ի հրամանագրերով գեներալ-լեյտենանտի  զինվորական կոչում է շնորհվել ՀՀ ազգային անվտանգության   ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրաչյա Հարությունյանին, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Դարբինյանին:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Ռոմիկ Հարությունյանը և Գրիգորի Սարգսյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով` Ռուբեն Ափոյանը։

Բացի այդ, Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝ Արսեն Ավանեսյանը, Կարեն Հակոբյանը, Արսեն Պողոսյանը և Հովսեփ Սահակյանը։--0—