Հայաստանի ակադեմիական երգչախմբի 70-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

20.12.2007, 16:54
Հայաստանի ակադեմիական երգչախմբի 70-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ համույթի 70-ամյակին նվիրված «Հայաստանի Պետական ակադեմիական երգչախումբ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում՝ 2007թ. դեկտեմբերի 23-ին։

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց հրատարակության հեղինակ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, երաժշտագետ Աննա Ասատրյանը, գրքում ներկայացված է կապելլայի գործունեության 70-ամյա պատմությունը, համույթի համերգների, երգացանկի մասին տվյալներ, ինչպես նաև միջազգային մամուլից վերցված հոդվածներ։

«Մաեստրո Չեքիջյանի արխիվի շնորհիվ դժվար չէր հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը, շատ ավելի բարդ էր սահմանափակ ժամկետում ավարտել գիրքը՝ դրանում այդքան մեծ ծավալի ինֆորմացիա տեղավորելով»,- ասաց Ասատրյանը։

Նա նշեց, որ տվյալները գրքում ներկայացված են ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով՝ Ակադեմիական երգչախմբի արտասահմանցի երկրպագուների համար։

«Բացի գրքի շնորհանդեսից մոտակա կիրակի տեղի կունենա նաև Ակադեմիական երգչախմբի համերգը, որի ծրագրում՝ Կոմիտասի, Իոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Հենդելի ստեղծագործություններն են»,- ասաց Ասատրյանը։

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1936թ.-ին՝ կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյանի (1901-1973թթ.) կողմից։ 1961թ.-ից համույթի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը աշխարհահռչակ հայ դիրիժոր, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանն է։--0—