Հայաստանում անցկացվեց «Անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավական պաշտպանություն» թեմայով կլոր սեղան

20.12.2007, 16:47
Հայաստանում անցկացվեց «Անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավական  պաշտպանություն» թեմայով կլոր սեղան

Հայաստանում հինգշաբթի անցկացվեց «Անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավական պաշտպանություն» թեմայով կլոր սեղան։

Ինչպես նշեց Սահմանադրական դատարանի փոխնախագահ, Հայաստանի Միջազգային իրավունքի ասոցիացիայի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, կլոր սեղանի նպատակն է օրենսդրական փոփոխությունների և այլ միջոցառումների քննարկումը, որոնք անհրաժեշտ են՝ երկրում  Անհայտ կորածների վերաբերյալ Եվրոպական նոր կոնվենցիայի կիրառման համար։

«Հաջորդ տարի կոնվենցիան կհաստատվի խորհրդարանի կողմից, և մեզ անհրաժեշտ է մեր օրենսդրությունը համապատասխանեցնել այդ միջազգային փաստաթղթին, որպեսզի այն արդյունավետորեն կիրառվի Հայաստանում»,-ասաց Հովհաննիսյանը։

Իր հերթին Հայաստանի Տրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ նոր կոնվենցիայի մշակումն ուղղված է անհայտ կորածների որոնման հարցերում միջազգային համագործակցության մեջ առկա մի շարք թերությունների վերացմանը։

«Կարևոր է, որ կոնվենցիան կարգավորում է հարցեր, որոնք կապված են պարտադրված անհետացումների հետ, ինչն ավելի լայն ենթատեքստ ունի, քան բռնի անհետացումը, որը ենթադրում է ուժի պարտադիր կիրառում։ Այստեղ կարող է նկատի առնվել նաև շանտաժը և այլ միջոցները, որոնց միջոցով հնարավոր է  մարդուն ստիպել անհետանալ»,-ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքերով, կոնվենցիան կարգավորում է ոչ միայն պատերազմի, այլև բոլոր այլ իրադրություններում մարդկանց անհետացման հետ կապված հարցերը։

«Շատ կարևոր է քաղաքական նկատառումներով մարդուն մեկ երկրից մյուսն արտաքսելն արգելող կետը։ Բացի այդ, արգելվում է մարդու վերադարձը երկիր, որտեղ նրա համար կարող են բարդություններ առաջանալ, մասնավորապես, կրոնական բնույթի»,-ասաց Աղաջանյանը։

Կլոր սեղանը կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), ՀՀ ԱԳՆ-ի, Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիայի կողմից։ ԿԽՄԿ տվյալներով, 2007թ.  Հայաստանի կազմակերպության  նորացված ցուցակում կան 4300 անհայտ կորածներ։

Հայաստանը միջոցներ է ձեռնարկում անհայտ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ՝ Ժնևյան համաձայնագրի շրջանակներում։—0--