Հայաստանի վարչապետը հանձնարարել է անցկացնել առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների հետազոտում

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է անցկացնել առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների հետազոտում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ՝ չորեքշաբթի տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունների, հարկային և մաքսային ծառայությունների, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) ներկայացուցիչների մասնակցությամբ
Հանձնաժողոը կիրականացնի ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ տեղեկատվություն ու միասնական եզրակացություն կներկայացնի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, այդ թվում` հացի և հացամթերքի, ալյուրի, կարագի, ձեթի, բրնձի գների ներկա վիճակի, գնագոյացման գործընթացի վերաբերյալ:
«Չնայած վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունն աճում է երկնիշ թվերով, ավելանում է ապրանքների արտահանումը, աճում են բնակչության եկամուտները, այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը` լինելով համեմատաբար փոքր և խոցելի, բնականաբար, ենթակա է համաշխարհային ապրանքային շուկաներում տեղի ունեցող թե դրական, և թե բացասական գործընթացների ազդեցությանը: Սա փաստ է, որը պետք է որպես այդպիսին նկատի առնել, ինչը չի նշանակում, թե նման երևույթների դեմ հնարավոր միջոցներ չպետք է ձեռնարկվեն», - ասել է Ս. Սարգսյանը։
Այդ առումով, վարչապետը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ, օրինակ, վերջին շրջանում արձանագրվող ՀՀ դրամի արժևորման պայմաններում, մեր ապրանքային շուկայում հատկապես լայն սպառման մի շարք ապրանքատեսակների գները ոչ միայն չեն իջնում, այլև որոշ ապրանքների գները բարձրանում են:
Զգուշացնելով, որ այդպիսի պարագաներում հնարավոր են նաև սպեկուլյատիվ դրսևորումներ, և անբարեխիղճ կամ մեծ շահույթի ձգտող տնտեսվարողները երբեմն փորձում են օգուտ քաղել նման գործընթացներից` վնասելով առաջին հերթին սովորական քաղաքացիներին, վարչապետն ընդգծել է, թե այդ ամենը կանխելու համար պետական կառավարման մարմինները պետք է աշխատեն ավելի համակարգված ու ավելի մեծ պատասխանատվությամբ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ դեռևս հոկտեմբերին դիմել է գների կայունության ապահովման գործառույթ ունեցող ՀՀ կենտրոնական բանկի ու նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահներին` ապրանքային շուկաներում տիրող իրավիճակն ուսումնասիրելու, իրենց եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացնելու համար։
Վարչապետը կարևորել է համապատասխան պետական մարմինների կողմից ուշադրության սևեռումը հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների տատանումների ու դրանց հիմնավորվածության նկատմամբ:
Ողջունելով վերջին շրջանում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության ակտիվացումն ու հրապարակային գործելաոճը, Սերժ Սարգսյանն ընդգծել է հանձնաժողովի աշխատանքի արդյունքները բնակչությանն ավելի ընկալելի ու մատչելի դարձնելու կարևորությունը:
Նրա խոսքերով, ժողովրդի համար պետք է հստակ լինի, որ հանձնաժողովի դերը ոչ թե գների մակարդակի վերահսկումն է, այլ ազատ գնագոյացմանը նպաստելը, բոլորի համար ազատ մրցակցության դաշտի ապահովումը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարները, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահները, ՀՀ հարկային պետական ծառայության պետը:-0-