Հայաստանը նախապայմաններ չի առաջադրում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը նախապայմաններ չի առաջադրում՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումների ընթացքում։
«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ պետական մակարդակով քննարկել ցանկացած խնդիր»,- ասաց նա։
Սակայն, նրա խոսքերով, դրա համար պաշտոնական Անկարան պետք է հրաժարվի նախապայմաններից և բացի Հայաստանի հետ սահմանը։
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։
«Հայ-թուրքական հարաբերությունները բավական բարդ են և դրանց վրա անցյալի բեռն է ծանրանում, սակայն Հայաստանը և Թուրքիան շարունակում են հարևաններ մնալ տարածաշրջանում, և դրանից խուսափել հնարավոր չէ։ Հետևաբար, հարկավոր է երկու երկրների միջև նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»,- ընդգծեց Օսկանյանը։
«Մենք պատարստ ենք հաստատել նման հարաբերություններ՝ առանց նախապայմանների և աստիճանաբար լուծել մեր միջև առկա խնդիրները»,- ավելացրեց նա։
Հայաստանի խորհրդարանի երկօրյա լսումներին մասնակցում են մի շարք հայկական և միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Սպասվում է, որ խորհրդարանում ելույթ կունենա նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։
Թուրքիայի ներկայացուցիչները տարբեր պատճառներով մերժել են լսումներին մասնակցելու՝ ՀՀ խորհրդարանի հրավերը։ --0—