Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը տոնում է գործունեության 40-ամյակը

18.12.2007, 20:07
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը տոնում է գործունեության 40-ամյակը
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը տոնում է գործունեության 40-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երեքշաբթի տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն`նվիրված մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 40-ամյակին։

«Սարյանի տուն-թանգարանը մշակութային կենտրոն է ողջ հայ ժողովրդի համար։ Մեծ վարպետի աշխատանքներում արժանի կերպով ներկայացված է հայկական մշակույթը՝ մեր երկրի ու հողի գունեղ երանգներով»,-միջոցառման ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Միջոցառման ժամանակ նախարարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց տուն-թանգարանի աշխատակիցներին։ «Ձեր աշխատանքի շնորհիվ վարպետի մշակութային ժառանգությունը արժանի կերպով պահպանվել և հասցվել է գալիք սերունդներին»,-հավելեց Պողոսյանը։

Իր հերթին թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը հավելեց, որ 40-ամյա հոբելյանը տոն է ոչ միայն այս կենտրոնի աշխատակիցների, այլև ողջ մշակութային հասարակայնության համար։

«Սարյանի տուն-թանգարանը այն սրբավայրն է, որտեղ հյուրերը ծանոթացել են ոչ միայն հեղինակի կտավներին, այլև շփվել են նկարչի հետ»,-ասաց նա։

Նրա խոսքերով, թանգարան բացելու գաղափարն առաջացել է հենց իր՝ Սարյանի մոտ։ «1927թ. նամակներում Սարյանը կիսվել է Երևանում իր թանգարանը և արվեստանոցն ունենալու ցանկության մասին»,-պատմեց նա։

Նա նշեց, որ նկարիչը թանգարանին է նվիրել 50 աշխատանք, ինչպես նաև կազմել է իր այն կտավների ցանկը, որոնք կուզենար տեսնել ցուցանմուշների մեջ։

Տնօրենը հավելեց, որ այսօր թանգարանի գլխավոր խնդիրներից մեկը Սարյանի ժառանգության պահպանումն է։

Նկարչի թոռնուհին ներկայացրեց նաև իր ղեկավարած մշակութային կենտրոնի հետագա ծրագրերը։ Նրա խոսքերով, մոտ ժամանակներս կհրատարակվի Սարյանի նամակների երկրորդ հատորը, նախատեսվում է կատալոգի առաջին հատորի հրատարակումը, որտեղ կներկայացվի Սարյանի ողջ ժառանգության (շուրջ 5 հազ. աշխատանք) մի մասը։

«Կարծում եմ՝ այդ կատալոգի պատրաստությունը կավարտվի 2012 թ.-ին»,-ասաց նա։

Մարտիրոս Սարյանը (1880-1972թթ.) 20-րդ դարի հայ գեղանկարչության խոշորագույն վարպետներից է, որը շարունակել է սիմվոլիզմի ավանդույթները։ Նա ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում (ներկայումս Դոնի Ռոստովի կազմում)։

1897թ.-ին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որն ավարտել է 1904թ.։ Նրա ուսուցիչների թվում այնպիսի հայտնի ռուս նկարիչներ են եղել, ինչպիսիք են Սերովը և Կորովինը։

Մինչև 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումը մեծ մասամբ բնակվել է Թբիլիսիում և Մոսկվայում, 1921թ.-ից հաստատվել է Երևանում։ Մասնակցել է «Երկնագույն վարդ» (1907թ.), ինչպես նաև «Ռուս նկարիչների միության» և «Արվեստի աշխարհի» ցուցահանդեսներին։--0--