Հայաստանի վարչապետը Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի ղեկավար է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Գայանե Աֆրիկյանին նշանակել է Ազգային մրցունակության խորհրդի (ԱՄԽ) ծրագրի ղեկավար։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 8-ի «Ազգային մրցունակության խորհուրդ ստեղծելու մասին» որոշումը, ինչպես նաև Ազգային մրցունակության խորհրդի առաջարկությունը` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Գայանե Աֆրիկյանը նշանակվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի գործադիր տնօրեն:
Գայանե Աֆրիկյանը ծնվել է 1967թ.-ին Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1996թ.-ին ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանը (LSE)` ստանալով հետկոմունիստական անցումային շրջանի երկրների տնտեսության և քաղաքականության գծով մագիստրոսի կոչում, իսկ 2005թ. ավարտել է Հարվարդի համալսարանն ու ստացել պետական կառավարման և մենեջմենթի գծով մագիստրոսի կոչում:
1991-1995թթ. աշխատել է որպես «Ֆրանս Պրես» միջազգային լրատվական գործակալության հատուկ թղթակից Հայաստանում, 1996-1998թթ. նա աշխատել է Լոնդոնում «Ինդիփենդենթ» և «Էկոնոմիսթ ինթելիջենս յունիթ» պարբերականներում որպես լրագրող, 1998-2000թթ. ղեկավարել է Եվրամիության նորաբաց ինֆորմացիոն գրասենյակը Երևանում, 2000-2002թթ. աշխատել է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնյա Կոսովոյում:
2002-2004թթ. աշխատել է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնյա Աֆղանստանում, 2005-2006թթ. աշխատել է Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնում որպես գիտաշխատող` ուսումնասիրություններ կատարելով Հայաստանի ազգային մրցունակության և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, 2006-2007թթ. աշխատել է որպես Ղազախստանի կառավարության «Կայուն տնտեսական զարգացման» հիմնադրամի նախագահի գլխավոր խորհրդական:--0—