ՀՀ նախկին նախագահը և Շվեդիայի դեսպանը քննարկել են ներքաղաքական իրավիճակը և ղարաբաղյան հարցը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Գունար Ադենի հետ։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանին առաջադրող քաղաքացիական նախաձեռնության գրասենյակից, հանդիպման ընթացքում նախկին նախագահը և շվեդ դիվանագետը քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը, ընտրական գործընթացները, արտաքին քաղաքական գործընթացները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—