Հայ-իրանական հարաբերությունների հիմքում դարավոր բարեկամությունն է և փոխադարձ շահերը. ՀՀ ԱԺ խոսնակ

18.12.2007, 18:48
Հայ-իրանական հարաբերությունների հիմքում դարավոր բարեկամությունն է և փոխադարձ շահերը. ՀՀ ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-իրանական հարաբերությունների հիմքում դարավոր բարեկամությունն է և փոխադարձ շահերը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը՝ Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։    

«Հայ-իրանական կապերի զարգացման հիմքում ոչ միայն դարավոր բարեկամությունն է, այլև` փոխադարձ շահերը, որոնք նպաստում են երկու երկրների զարգացմանը»,- «Նովոստի-Արմենիային» Թորոսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խոսնակը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման գործում՝ հայտարարելով, որ  այս ընթացքում ավանդական բարեկամական հարաբերությունները նոր որակ են ստացել` խորացել են տնտեսական կապերը, տեղի են ունեցել փոխայցեր:

Բացի այդ, Թորոսյանի խոսքերով, վերջին տարիներին նաև հիմքեր են ստեղծվել նոր ծրագրերի ու նախագծերի կենսագործման համար:

Իր հերթին Հայաստանում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Հաղիղյանն Աժ նախագահին է փոխանցել ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի տարեմուտի և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներն ու բարեմաղթանքները և վերահաստատել Աժ նախագահի պաշտոնական այցի հրավերը Թեհրան:

Նա ևս բարձր գնահատական է տվել երկու երկրների հարաբերություններին` կարևորելով դրանք նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության առումով:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը ԻԻՀ խորհրդարանի նախագահին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և հրավերի համար` նշեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանը շատ հագեցած էր հերթական ու արտահերթ նիստերով, որը հնարավորություն չտվեց նրան այս տարի ԻԻՀ մեկնել։

Նա հույս հայտնեց, որ 2008թ.-ին նախագահական ընտրություններից հետո պաշտոնական այցը անպայման կկայանա: --0—