Հայաստանում բավականին բարձր է գենդերային խտրականության հանդեպ հանդուրժողականության ցուցանիշը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում բավականին բարձր է տղամարդկանց և կանանց միջև հավասարության իրավունքի խախտման հանդեպ հանդուրժողականության ցուցանիշը։ Այս մասին երեքշաբթի հայտարարեց Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմա Հասրաթյանը՝ Հայաստանի կողմից Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարման մասին 2002-2007թթ. այլընտրանքային զեկույցի շնորհանդեսի ժամանակ։
Նրա խոսքերով, կանանց միայն 39,7%-ը և տղամարդկանց 36%-ն է գիտակցում, որ երկրում առկա է սեռային խտրականության հիմնախնդիրը։
«Ընդ որում, տղամարդկանց մնացած մասը պարզապես չի ընդունում կանանց խտրականության փաստը, իսկ կանայք չեն գիտակցում, որ իրենց իրավունքները խախտվում են»,- նշեց նա։
Հասրաթյանը նաև հայտարարեց, որ այլընտրանքային զեկույցը հիմնականում երկու նպատակ է հետապնդում՝ անկախ գնահատական տալ Հայաստանի կողմից մի շարք ոլորտների և պարտավորությունների գծով Կոնվենցիայի պահանջների կատարմանը, հայտնաբերել Կոնվենցիայի պահանջների կատարմանը խոչընդոտող հիմնախնդիրները և պետական մարմինների մակարդակով դրանք լուծելու միջոցները։
«Մենք հուսով ենք, որ այս զեկույցի պատրաստումը, ներկայացումը և քննարկումը թույլ կտա մեզ լուծել մի շարք գոյություն ունեցող խնդիրներ»,- նկատեց նա։
Հասրաթյանը կարծում է, որ այս խնդիրներից մեկն էլ կանանց համար հավասար հնարավորությունների պակասն է։ Նրա խոսքերով, Հայաստանի Սահմանադրության նորմերը, որոնք արգելում են ցանկացած խտրականություն, դեռևս չեն գործում պրակտիկայում։
Ասոցիացիայի նախագահը նաև նշեց, որ դեռևս գոյություն ունի տղամարդկանց և կանանց անհավասարություն տնտեսության ոլորտում, դերերի անհավասար բաշխում հասարակության մեջ և ընտանիքում, ինչպես նաև տղամարդկանց և կանանց անհավասար իրավունք՝ քաղաքական գործիչների և պետական մարմինների մակարդակով որոշումներ ընդունելու առումով։
Միաժամանակ Հասրաթյանը նշեց, որ Հայաստանում նկատելի են նաև դրական փոփոխություններ՝ կապված հանրապետությունում կանանց վիճակի հետ։ Այդ փոփոխություններից մեկը նա համարում է «2004-2010թթ. Հայաստանում կանանց դրության բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի» ընդունումը և իրագործումը։
Հասրաթյանը նաև նշեց, որ մեծ աշխատանք է կատարվել օրենսդրական մակարդակով՝ հայկական օրենսդրությունը Կոնվենցիային և այլ միջազգային-իրավական փաստաթղթերին համապատասխանեցնելու համար։ --0—

