Երևանում քննարկում են ընտանիքի, մայրության և մանկության խնդիրները

Երկուշաբթի Երևանում տեղի ունեցավ «Ընտանիքի, մայրության և մանկության խնդիրները» կլոր սեղանը, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան։
«Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ապա առաջին հերթին պետք է մտածենք ամուր ընտանիք կազմելու մասին, ինչպես նաև Հայաստանի բնակիչների անհոգ մանկության ապահովման մասին», - միջոցառման ընթացքում հայտարարեց Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը։
Նրա խոսքերով, ընտանիքի, մայրության և մանկության խնդիրները Հայաստանում շատ արդիական են և «այսօրվա կլոր սեղանը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այս հարցը անհանգստացնում է և պետությանը, և հասարակությանը»։
«Ուրախալի է, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք պատրաստ են միավորել իրենց ուժերը, հետազոտություններ անցկացնել՝ ընտանիքի, մայրության և մանկության խնդիրները բացահայտելու և դրանց լուծումները գտնելու համար», - նշեց նա։
Ասատրյանը նաև նշեց, որ թեև պետությունը որոշակի քաղաքականություն ունի այս բնագավառում, սակայն մնում են որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար պետությունը հասարակական կազմակերպությունների օգնության կարիքն ունի։
«Հասարակական կազմակերպությունները ոչ միայն կարող են, այլև ցանկանում են օգնել պետությանը», - ասաց Ասոցիացիայի նախագահը։
ՀՀ ԱԺ բնապահապնության, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ հասարակական կազմակերպությունների օգնությունը պետք է կայանա հայկական հասարակության մեջ գոյություն ունեցող չլուծված խնդիրների բացահայտման և դրանց մասին պետական մարմիններին տեղեկացնելու մեջ։
«Պետությունն իր հերթին պետք է լուծի այդ խնդիրները օրենսդարական և կազմակերպչական-իրավական մակարդակներում», - հայտարարեց նա։
Նրա խոսքերով, տնտեսական զարգացման ներկայիս տեմպերի պահպանումը թույլ կտա Հայաստանին՝ մի քանի տարի հետո հայկական հասարակության մեջ այսօր գոյություն ունեցող բոլոր խնդիրների լուծման իրական հնարավորություն ստանալ։
Մինասյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում և պետությունը և հասարակությունը պատրաստ են աշխատանք տանել՝ ընտանիքի, մայրության և մանկության պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացման համար։
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հիմնադրվել է 2004 թ.-ին՝ Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային կյանքում երիտասարդ կանանց դերի բարձրացման նպատակով։
2005 թ.-ին Ասոցիացիան բացել է Երիտասարդական կենտրոնների ցանց, այժմ հանրապետությունում գործում է երեք նման կենտրոն՝ Երևանում, Լոռու և Վայոց Ձորի մարզերում։-0-