Երևանում տեղի է ունեցել 1988թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը
Երևանում շաբաթ օրը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Հանձնաժողովի անդամներից բացի նիստին, ՀՀ վարչապետի հրավերով, մասնակցել են նաև աղետի գոտին ներկայացնող Շիրակի և Լոռու մարզերի ԱԺ պատգամավորները:
«Վարչապետը մասնակիցներին ներկայացրել է հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը` նշելով, որ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, հանձնաժողովի աշխատանքը նպատակաուղղվելու է մինչև 2008 թվականի հունվարի 15-ը հաստատել երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իսկ մինչ այդ, ըստ վարչապետի, պետք է հանգամանորեն ու համակողմանի քննարկել բոլոր առաջարկությունները, որոնք անհրաժեշտ է հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնել մինչև հունվարի 10-ը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ չափազանց կարևոր է, որպեսզի մասնակիցների կողմից իրականացվելիք աշխատանքին ձևական մոտեցում չցուցաբերվի և պատրաստակամություն է հայտնել՝ քննարկել աղետի գոտուն վերաբերող ցանկացած հարց` սկսած բնակարանային շինարարությունից մինչև այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բոլոր այն մարդկանց ջանքերի գնահատմանը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել աղետի հետևանքների վերացմանը:
Վարչապետը նաև նշել է, թե աշխատանքի ավարտին` հաջորդ տարեվերջին, հանձնաժողովը պարտավոր է ամփոփել անցած 20 տարիներին աղետի հետևանքների վերացման ուղղությամբ արված ու չարված աշխատանքը, երկրի տնտեսությանը հասցված վնասի չափն ու հետևանքները:
Այդ ամենը, Սերժ Սարգսյանի խոսքերով, կարևոր է այն պարզ պատճառով, որ չնայած իրականացված հսկայածավալ աշխատանքին՝ դեռևս շատ խնդիրներ կան, որոնց մասին չպետք է լռել, անհրաժեշտ է հրապարակայնորեն խոսել, որոշակի մոտեցումներ որդեգրել ու, ըստ այդմ, լուծումներ տալ դեռևս առկա խնդիրներին։
«Բնավ պարտադիր չէ, որ այդ խնդիրները լուծվեն միայն պետության կողմից: Մենք պարտավոր ենք խրախուսել նաև մասնավոր հատվածին՝ կարևորագույն այս գործում ներգրավելով նրա հնարավորությունները ևս», - ասել է ՀՀ վարչապետը՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության զարգացումը, այլ ոչ թե` զանազան հանգանակություններն ու դրամահավաքը:
Հանձնաժողովի անդամներն ու աղետի գոտու պատգամավորները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնք մինչև հաջորդ քննարկումը կկենտրոնացվեն հանձնաժողովի քարտուղարությունում և ծրագրի հաստատումից առաջ հանգամանորեն կքննարկվեն:
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։
Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։
Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, դրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։
Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձավ հաշմանդամ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—

