ԱՄՆ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման մասին՝ Ջոզեֆ Փենինգթոնը փաստել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել Մինսկի խմբին՝ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի միջոցով, որն, ի դեպ, չնայած Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ հստակ նշել է ԱՄՆ դիքորոշումը, այն է` ռազմական ճանապարհով խնդրի լուծման բացառում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ժամանակ Փենինգթոնը կարևորել է ՀՀ կառավարության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ԱՄՆ աջակցությունը ԱԳԳԾ (IPAP) շրջանակներում իրականացվող գործընթացներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակին, խոսել են հետագա անելիքների մասին:-0-

