Հայաստանը երբեք թույլ չի տա իր հետ հարկադրանքով կամ շանտաժով խոսել. Աժ նախագահ

17.12.2007, 10:53
Հայաստանը երբեք թույլ չի տա իր հետ հարկադրանքով կամ շանտաժով խոսել. Աժ նախագահ
Հայաստանը երբեք թույլ չի տա իր հետ հարկադրանքով կամ շանտաժով խոսել. Աժ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը երբեք թույլ չի տա իր հետ հարկադրանքով կամ շանտաժով խոսել, ուրբաթ հայտարարել է Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Շիգեո Կացուի հետ հանդիպման ժամանակ։  

«Հայաստանը միշտ էլ պատրաստ է հարևանների հետ համագործակցության, այդ թվում և Ադրբեջանի ու Թուրքիայի՝ առաջարկելով եղած խնդիրներն առժամանակ հանգիստ թողնելով, առանց նախապայմանների համագործակցել այլ հարցերում, բայց հարևանները որդեգրել են այլ մոտեցում»,- «Նովոստի-Արմենիի» համար Թորոսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աժ նախագահը կարևորելով տարածաշրջանային լիարժեք համագործակցության կայացումը, որը որակական փոփոխություններ կարող է բերել յուրաքանչյուր երկրում՝  հույս է հայտնել, որ առաջիկայում նաև Թուրքիան ու Ադրբեջանը կփոխեն իրենց դիրքորոշումը` դադարեցնելով Հայաստանի շրջափակման ու շանտաժի քաղաքականությունը:

«Հայաստանը երբեք թույլ չի տա իր հետ հարկադրանքով կամ շանտաժով խոսել»,- նշել է Թորոսյանը՝ ավելացնելով, որ ժամանակակից աշխարհում համագործակցության ժամանակն է և «դա չհասկացողները վնասում են իրենք իրենց»։

«Ողջամիտ չէ հույսը նավթի վրա միայն դնելը»,- ավելացրել է նա: 

«Համաձայնելով Աժ նախագահի տեսակետների հետ` Շիգեո Կացուն նշել է, որ համագործակցության ծրագրերը քննարկելիս այդ ամենը հաշվի կառնվի և որ շատ քիչ երկրների է հաջողվել նավթային անեծքից խուսափել»,- նշել են ԱԺ մամուլի ծառայությունից: --0--