Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի կողմից թողարկված՝ դիցաբանական աստվածուհիների պատկերներով նամականիշերի շնորհանդեսը

14.12.2007, 18:17
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի կողմից թողարկված՝ դիցաբանական աստվածուհիների պատկերներով նամականիշերի շնորհանդեսը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի փոստային օպերատորների կողմից թողարկված՝ հայկական և հունական դիցաբանության աստվածուհիներ Անահիտի և Աֆրոդիտեի պատկերներով նամականիշերի շնորհանդեսը։

Ինչպես ուրբաթ շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Հունաստանի փոխդեսպան Ալեկոս Իկոնոմոպուլոսը, նամականիշերը թողարկել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն՝ ԷԼՏԱ-ի (Հունաստանի փոստ) հետ համատեղ։

«Նամականիշերը թողարկելու մասին որոշումն ընդունվել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստում»,- ասաց նա։

«Սա Հայաստանի և Հունաստանի համատեղ նամականիշերի թողարկման առաջին դեպքը չէ։ Առաջին անգամ երկու երկրները համատեղ նամականիշեր թողարկեցին 2001թ.-ին՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի կապակցությամբ»,- ավելացրեց նա։

Հույն դիվանագետի գնահատականներով, նամականիշերի թողարկումը նոր խթան կդառնա հայ-հունական պատմական և բարեկամական հարաբերությունների զարգացման համար։

Իր հերթին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ նամականիշերի թողարկման համար երկու կողմերն էլ մեծ ջանքեր են ներդրել։

«Այս ակցիան մեծ աջակցություն կցուցաբերի երկու երկների միջև բարեկամական հարաբերությունների ամրացման գործում»,- ասաց նախարարը։ Նրա խոսքերով, ամեն ինչից առաջ նամականիշերը շատ գեղեցիկ են, և ֆիլատելիստները կարող են դրանք ներառել իրենց հավաքածուներում։

Անահիտի և Աֆրոդիտեի պատկերներով նամականիշերի անվանական արժեքը Հայաստանում կազմում է 350 և 70 դրամ՝ համապատասխանաբար, իսկ Հունաստանում՝ համապատասխանաբար, 2,4 և 0,5 եվրո։

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային ազգային օպերատորն է, որն աշխատում է ողջ երկրի տարածքում՝ 900 փոստային բաժանմունքների միջոցով։

2006թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագրով, Հայաստանի փոստային ազգային օպերատորի վստահված կառավարումը հանձնվել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» հոլանդական ընկերությանը։ --0--