Հայաստանում ԻԻՀ դեսպանը և ՀՀ գլխավոր դատախազը բարձր են գնահատել երկկողմանի իրավական համագործակցության մակարդակը
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղիանը և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բարձր են գնահատել երկկողմանի իրավական համագործակցության մակարդակը։ Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, այս մասին կողմերը հայտարարել են՝ Իրանի դեսպանի՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին նվիված հանդիպմանը։
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական հարաբերություններին՝ արձանագրելով, որ վերջին տարիներին այն վերընթաց զարգացում է ապրել թերևս բոլոր բնագավառներում: Փոխհարաբերությունների զարգացումն ընդգրկել է նաև իրավական համագործակցությունը, ստորագրվել են երկու շատ կարևոր համաձայնագրեր՝ էքստրադիցիայի և իրավական փոխօգնության մասին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Դեսպան Հաղիղիանը գլխավոր դատախազին տեղեկացրել է, որ այդ համաձայնագրերը ԻԻՀ խորհրդարանի կողմից արդեն վավերացվել են և մոտ ժամանակներս դրանք կմտնեն ուժի մեջ:
Իր հերթին Հովսեփյանը բարձր է գնահատել դեսպանի դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում և հույս հայտնել, որ նոր դեսպանը կշարունակի ձևավորված լավ ավանդույթները: --0—