Նյու-Դելիի միջազգային համաժողովին հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը

13.12.2007, 14:17
Նյու-Դելիի միջազգային համաժողովին հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը
Նյու-Դելիի միջազգային համաժողովին հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատվիրակությունը, առաջին անգամ մասնակցելով ազգային հիմնադրամների 12-րդ միջազգային համաժողովին, բարձրացրել է Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, համաժողովին Նախիջևանի Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցի և խաչքարերի ոչնչացման մասին զեկույցով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանը։

«Զեկույցի հեղինակը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հին Ջուղայում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված իրավիճակը»,- ասաց նա։

Գյուրջյանը նաև հաղորդեց, որ բացի զեկույցից համաժողովի մասնակիցներին բաժանվեցին բուկլետներ, փաստաթղթեր, ինչպես նաև լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են Ադրբեջանի տարածքում հայկական պատմական հուշարձանների ոչնչացումը։

Բացի այդ, ցուցադրվեց «Ջուղա» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 2005թ.-ին Ադրբեջանում, Հին Ջուղայում գտնվող հայկական հին գերեզմանոցի և խաչքարերի ոչնչացման մասին։

Միաժամանակ Գյուրջյանը կարևորեց ազգային հիմնադրամների  միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը։

«Մեր կողմից ներկայացված փաստաթղթերը նպաստեցին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և միջազգային հանրության ուշադրությունը Հին Ջուղայի հիմնախնդրին հրավիրելուն»,- ասաց նա։

Այս համատեքստում փոխնախարարն ավելացրեց, որ մոտ ժամանակներս «Europa Nostra» ընդհանուր եվրոպական մշակութային կազմակերպությունն իր հրատարակություններից մեկում կանդրադառնա Ջուղայի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման թեմային։

Իր հերթին զեկույցի հեղինակ, ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանն ավելացրեց, որ իր ելույթում մանրամասն ներկայացրել է հիմնախնդրի ողջ պատմությունը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ համաժողովի արդյունքում  ստեղծվել է «Ազգային հիմնադրամ» միջազգային կազմակերպությունը։

Այս կազմակերպության կանոնադրությունում առանձին կետով ամրագրված է, որ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը գնահատվում է որպես մարդկության դեմ գործված հանցագործություն։

Դեկտեմբերի 3-5-ը Նյու-Դելիում տեղի ունեցած ազգային հմնադրամների 12-րդ միջազգային համաժողովին մասնակցել են մոտ 150 մասնագետներ՝ աշխարհի 54 երկրներից։

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցը այլևս գոյություն չունի, այն  ադրբեջանցիների կողմից վերածվել է ռազմակայանի։

Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում լիովին ոչնչացվել է 3500 խաչքար՝ այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005թ. դեկտեմբերին։

Հայկական խաչքարերի կործանումը, որը ադրբեջանական կողմը սկսել էր 1998-ին, այդ փաստի՝ եվրոպական երկրների կողմից դատապարտումից հետո կասեցվեց։ Սակայն հայկական պատմամշակութային հուշարձանների զանգվածային կործանումը վերսկսվեց 2003թ.-ին և 2005թ. դեկտեմբերին։--0—