Հայ երիտասարդության 55%-ը ոչ մի տեղ չի սովորում և չի աշխատում. փորձագետ

12.12.2007, 19:12
Հայ երիտասարդության 55%-ը ոչ մի տեղ չի սովորում և չի աշխատում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ երիտասարդության շուրջ 55%-ը ոչ մի տեղ չի սովորում և չի աշխատում։ Այս մասին հայտարարեց «Երիտասարդության զբաղվածությանն ընդառաջ» ծրագրի փորձագետ, տնտեսության թեկնածու Անաստաս Աղազարյանը չորեքշաբթի՝ «Երիտասարդության զբաղվածությանն ընդառաջ» առաջին ազգային համաժողովի ժամանակ։

«Հայ երիտասարդության 55%-ը ոչ մի տեղ չի աշխատում և չի սովորում և չի ցանկանում փոխել իրավիճակը»,-ասաց փորձագետը։

Հայաստանի երիտասարդության հիմնական խնդիրը, ինչպես հայտնեց ծրագրի փորձագետը, կրթություն ստանալն ու աշխատաշուկա դուրս գալն է։

Աղազարյանը նշեց, որ Հայաստանում շուկայական տնտեսության ձևավորումը թույլ է նպաստում երիտասարդության զբաղվածությանը, որը հոգեբանորեն պատրաստ չէ ժամանակակից աշխատաշուկայում արագ ինտեգրմանը։

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց փորձագետը, աշխատաշուկան աչքի է ընկնում սահմանափակությամբ։

«Հայաստանում աշխատաշուկայի սահմանափակությունը բացատրվում է ազատ աշխատատեղերի բացակայությամբ, ժամանակակից պահանջներին մասնագիտական կրթության անհամապատասխանությամբ, երիտասարդության զբաղվածության աճին ուղղված ծրագրերի բացակայությամբ, ինչպես նաև բյուրոկրատիայի բարձր մակարդակով»,-նկատեց նա։

Այս խնդիրների լուծման համար, ըստ Աղազարյանի, պետք է խրախուսել երիտասարդ ղեկավարների և ուսանողների կողմից փոքր և միջին բիզնեսի ստեղծումը, ինչպես նաև արդյունաբերական հնարավորությունների աճը։

2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը 3 մլն. 226,7 հազ. մարդ է՝ 2006թ. հոկտեմբերի 1-ի 3 մլն. 220,8 հազարի դիմաց։

Հայաստանի 16-30 տարեկան բնակիչների թիվը կազմում է 779 հազ. 361 մարդ, ինչը կազմում է բնակչության ընդհանուր թվաքանակի 24,3%-ը։

Երիտասարդության շրջանում գործազրկության շուկայի հետազոտությունն իրականացվել է «Երիտասարդության զբաղվածությանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների  (գործատուների) միության և «Արդյունավետության և մրցունակության վերլուծությունների անկախ կենտրոն» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2002-2006թթ. տվյալների հիման վրա։--0--