Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

12.12.2007, 17:39
Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման խնդիրը գտնվում է կառավարության և կրթության ու գիտության նախարարության ուշադրության կենտրոնում, «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածքում» ռուսաց լեզվի դասավանդողների համաժողովի ժամանակ հայտարարեց Կրթության նախարարության ռուսաց լեզվի բաժնի առաջատար մասնագետ Լիլիա Բալասանյանը։

«Մեզ նախարարությունում շատ է անհանգստացնում ռուսաց լեզվի վիճակն ու նրա նկատմամբ վերաբերմունքը»,-ասաց նա։

Բալասանյանի խոսքերով, ռուսաց լեզուն  ավանդաբար առանձնահատուկ դեր է խաղում Հայաստասնի հասարակական կյանքում, ինչը պայմանավորված է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։ Նա նշեց, որ Հայաստանում ԱՊՀ երկրների կրթության նախարարների գագաթնաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ամրապնդեց ռուսաց լեզվի դիրքերը միասնական կրթական դաշտում։ «Մեզ բոլորիս պետք է ուրախացնի այդ փաստը, որովհետև ռուսաց լեզուն անհրաժեշտ է միջազգային շփման համար»,-ասաց նա։

Բալասանյանը նշեց նաև, որ Հայաստանում ռուսաց լեզվի տարածումը բարելավվել է, և այսօր հանրապետությունում գործում է ռուսաց լեզվով կրթությամբ դասարաններ ունեցող 40 հանրակրթական դպրոց և երեք մասնավոր ռուսական դպրոց։

«Եվս 60 դպրոցներ իրավունք են ստացել  աշխատել ռուսաց լեզվի խորացված ծրագրերով, և այս տարի մենք ընդհանրացնում ենք դրա արդյունքները»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլոր այդ դպրոցներում ուսանում են ՌԴ-ից ժամանած Ռուսատսանի  և Հայաստանի քաղաքացիների երեխաներ։Դասավանդումը տարվում է ՌԴ ծրագրային դասագրքերով, իսկ խորացված դասընթացները տարվում են Հայաստանում կազմված դասագրքերով։

Նրա խոսքերով, հանրապետության ազգային հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզուն և գրականությունը դասավանդվում են երկրորդից տասներորդ դասարաններում՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հրատարակված դասագրքերով։ «Դա լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ որևէ այլ երկրում, Բելառուսից բացի, ռուսաց լեզուն չի դասավանդվում երկրորդ դասարանից»,-ասաց Բալասանյանը։

Նա նկատեց, որ ամեն տարի հանրապետությունում անցկացվում են ռուսաց լեզվի և գրականության տարբեր օլիմպիադաներ։

«Հայ երեխաները զարմացնում են մեր ռուս գործընկերներին իրենց գիտելիքների մակարդակով։ Այսպես, Մոսկվայի կրթության վարչությունում հիացմունքով հավաստիացրեցին, որ շատ են Հայաստանից մեկնած մեդալակիր-շրջանավարտները»,-հավելեց նա։

Բալասանյանը կարծում է, որ ռուսաց լեզուն պահանջում է մեծ ուշադրություն և հարգանք, և հանրապետությունում երկրորդ տեղը՝ մայրենի հայոց լեզվից հետո, պետք է մեկընդմիշտ ամրագրվի ռուսաց լեզվին։

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվում է ռուսաց լեզվի ուսուցիչների «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածքում» համաժողովը։ Այս միջոցառումը կոչված է ամփոփել Ռուսաց լեզվի տարվա՝ ընդլայնված ծրագիրը, որն այս տարի  իրականացվեց Հայաստանում։--0--