2008թ. Հայաստանում Մոսկվայի կառավարության աջակցությամբ տեղի կունենա ռուսագետների համաժողով

12.12.2007, 16:33
2008թ. Հայաստանում Մոսկվայի կառավարության աջակցությամբ տեղի կունենա ռուսագետների համաժողով

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. Հայաստանում Մոսկվայի կառավարության աջակցությամբ տեղի կունենա ռուսագետների մեծ համաժողով։ Այս մասին չորեքշաբթի ռուսաց լեզվի ուսուցիչների «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածքում» խորագրով համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց Մոսկվայի տան տնօրեն Արթուր Սարգսյանը։ «Մյուս տարի Հայաստանի տարածքում տեղի կունենա ռուսագետների մեծ համաժողով՝ Վրաստանի և Ռուսաստանի մասնագետների մասնակցությամբ»,- ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հայկական պատվիրակության՝ դեկտեմբերի 6-8-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ։ «Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ԱՊՀ ողջ տարածքում ռուսաց լեզվի տարածմանը և զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանում՝ որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ։ Մյուս տարի մեծ ծրագիր է նախատեսվում»,- ասաց նա։

Բացի այդ, Մոսկվայի տան տնօրենի խոսքերով, ռուսագետներին կօգնեն՝ ստանալու ռուսաց լեզվի ինչպես ուսումնական, այնպես էլ մեթոդական ձեռնարկներ։ Այս կապակցությամբ Սարգսյանը հաղորդեց, որ հաջորդ տարվանից Հայաստանում տրամադրվելու է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի անվան 15 կրթաթոշակ այն ուսանողներին, որոնք սովորում են ռուսերենով։ «Ստեղծվելու է Հոգաբարձուների խորհուրդ, որն ընտրելու է 15 ամենաարժանավոր ուսանողներին և նրանց կհատկացվի մոտ 1000 դոլարի չափով կրթաթոշակ»,- ասաց նա։

Սարգսյանը նաև ավելացրեց, որ մյուս տարի Մոսկվա է մեկնելու հայկական դպրոցների լավագույն աշակերտներով համալրված մի խումբ։ «Մենք շարունակելու ենք աշխատել ռուսաց լեզվի կարգավիճակը բարձրացնելու ուղղությամբ, քանի որ ավանդույթները պետք է պահպանել, առավել ևս, որ դրանք որոշ չափով տեղաշարժվել են»,- ասաց նա։--0—