Երևանում տեղի է ունենում «Խաղաղություն, սեր, հոգատարություն» երիտասարդական ակցիան

12.12.2007, 15:45
Երևանում տեղի է ունենում «Խաղաղություն, սեր, հոգատարություն» երիտասարդական ակցիան
Երևանում տեղի է ունենում «Խաղաղություն, սեր, հոգատարություն» երիտասարդական ակցիան

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում տեղի է ունենում «Խաղաղություն, սեր, հոգատարություն» (Peace, Love, Care) երիտասարդական ակցիան։ Ինչպես չորեքշաբթի լրագորղներին տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության  քարտուղար Ստեփան Ադամյանը, ակցիան կազմակերպվել է Եվրախորհրդի «Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» («All different, All equal») ծրագրի շրջանակներում։

«Մեր ակցիան ուղղված է երիտասարդությանը և իր մեջ կրում է մարդու իրավունքների, բազմազանության, հավասարության, մասնակցության տարածման գաղափարը»,- ասաց նա։

Ադամյանի խոսքերով, Երևանում այս ծրագրի իրականացմանը մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի, Լատվիայի, Լեհաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Ակցիայի շրջանակներում կբաժանվեն տեղեկատվական բուկլետներ, երիտասարդների մասնակցությամբ փողոցներում կկազմակերպվեն տարբեր ակցիաներ, միջմշակութային խաղեր և քննարկումներ։ Մեր ակցիան փոքր քայլ է՝ մեծ նպատակի ճանապարհին, որն է՝ խաղաղության, սիրո և հոգատարության արժեքների տարածումը, և մենք հույս ունենք, որ ակցիան կտա իր արդյունքները»,- ասաց նա։

Ադամյանը տեղեկացրեց, որ արշավի արդյունքները կամփոփվեն Վրաստանում՝ մասնակից-երկրների հասարակական կազմակերպությունների համատեղ ժողովի ժամանակ։ --0—