ՀՀԿ-ն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմում

11.12.2007, 16:13
ՀՀԿ-ն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմում
ՀՀԿ-ն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ քննարկել է ԵԺԿ-ում իր գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությանը դիտորդի կարգավիճակ տրամադելու հարցը։

«Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԺԿ-ում Հայաստանի հանրապետական կուսակցության դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում անհրաժեշտ քայլերի հերթականության և ժամանակացույցի հարցերը»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Մարտենսը նշել է, որ դիտորդի կարգավիճակ ստանալով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հնարավորություն կունենա նաև դառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԺԿ-ի քաղաքական խմբի անդամ։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացման ընթացքին, ձևավորված կուսակցական համակարգին, դրանում ՀՀԿ-ի ունեցած տեղին ու դերին, ինչպես նաև ԵԺԿ-ՀՀԿ համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Կողմերն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին: 

Բացի այդ, Սարգսյանը և Մարտենսը քննարկել են նաև ԵՄ-ՀՀ համագործակցության  և հարաբերությունների խորացման հեռանկարի, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին հարցերը։ Այս կապակցությամբ, պետական մակարդակով հարաբերությունների խորացմանը զուգընթաց երկուստեք կարևորվել է կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը:

ՀՀԿ-ն գրանցվել է 1991-ին։ Կուսակցության անդամների թիվը մոտավորապես 65 հազար է։ 2007-ի մայիսի 12-ի ընտրությունների արդյունքում ձևավորված չորրորդ գումարման խորհրդարանում, ՀՀԿ-ն, հավաքելով ձայների մեծամասնությունը, 131 տեղանոց խորհրդարանում ստացել է 64 մանդատ։ Երկրի կառավարությունում կուսակցությունը ներկայացված է վարչապետ Սերժ Սարգսյանով և հինգ նախարարներով։–0--