Հայաստանի վարչապետը Խավիեր Սոլանայի հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ:
«Հանդիպման ընթացքում Սարգսյանը հիշեցնելով, որ մինչ այժմ գործադիր իշխանությունում ղեկավարել է անվտանգության և պաշտպանության բնագավառները՝ ընդգծել է, որ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության ղեկավարի դիտանկյունից է նայել ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրին ու մեկ անգամ ևս համոզվել է, որ այդ ծրագրի տրամաբանությունը համընկնում է մեր երկրի զարգացման տրամաբանությանը` ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության առումով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանի հիմնախնդիրներից մեկը պատշաճ մակարդակում ընտրությունների անցկացումն է և երկրի ժողովրդավարացման գործընթացը, որը բխում է նախևառաջ երկրի ու ժողովրդի շահերից:
«Մենք ձգտում ենք լավ ընտրություններ անցկացնել, որպեսզի դրանք այդպիսին գնահատվեն ոչ միայն ուրիշների կողմից, այլև հենց մեր երկրի ներսում», - ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ այդ առումով մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները դրական գնահատականի են արժանացել, և Հայաստանը շահագրգռված է այդ հաջողությունը զարգացնել, այսինքն` ավելի լավ անցկացնել նախագահական ընտրությունները:
Սարգսյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանն ունի մի շարք դժվարագույն հիմնահարցեր` Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, երկրորդ փուլի բարեփոխումների անցկացում։
«Այս խնդիրները կարող է լուծել միայն միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների արդյունքում նախագահ դարձած անձը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Բրյուսել՝ Խավիեր Սոլանան իր հերթին նշել է, որ այն տեղի է ունենում ճիշտ ժամանակին, երբ Հայաստանում առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ:
Նա կարևորել է գալիք նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը, ինչպես նաև այդ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի պատվիրակության մասնակցությունը։
«Խավիեր Սոլանան հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կանցնեն բարձր մակարդակով: Նա նշել է, որ կցանկանար այդպիսի ընտրությունների անցկացման համար առաջարկել ԵՄ-ի աջակցությունը», - նշեցին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Խավիեր Սոլանան կարևոր է համարել, որպեսզի Հայաստանում առաջիկա ընտրությունները չլինեն այնպիսին, որ երկրի զարգացումն ու նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հետընթաց ունենան:
Սոլանան նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանի հետ կշարունակվի աշխատանքը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում՝ Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման երկկողմ հարաբերությունների շրջանակը ներառող մյուս հարցերի շուրջ:-0-

