Հայաստանի բնակչությունը կայուն կերպով աճում է

10.12.2007, 19:04
Հայաստանի բնակչությունը կայուն կերպով աճում է

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակչությունը կայուն կերպով աճում է և 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն. 226,7 հազ. մարդ՝ 2006թ. հոկտեմբերի 1-ի 3 մլն. 220,8 հազ. մարդու դիմաց։ Այս մասին է վկայում «Նովոստի-Արմենիային» տրամադրված՝ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության տվյալների վերլուծությունը։

Այսպիսով, 2007թ. հոկտեմբերին՝ 2006թ. հոկտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է բնակչության աճ՝ 5,9 հազ. մարդով։

Ազգային Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության մոտ երկու երրորդը քաղաքային բնակչությունն է։ Այսպես, քաղաքային բնակչության թվաքանակը, վերջին տվյալներով, կազմում է 2 մլն. 68 հազ. մարդ՝ Հայաստանի բնակչության ընդհանուր թվից, իսկ գյուղական բնակչությունը կազմում է 1 մլն. 158 հազ. մարդ։

Միաժամանակ, ԱՎԾ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2007թ. հոկտեմբերին՝ 2006թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, Հայաստանի քաղաքային բնակչությունն աճել է 6 հազ. մարդով, այն դեպքում, երբ գյուղական բնակչության թվաքանակը մնացել է անփոփոխ։

Ինչպես հաղորդվում է հաշվետվության մեջ, Հայաստանի մշտական բնակչության 65,8 %-ը կազմում են աշխատունակ տարիքի քաղաքացիները (տղամարդիկ՝ 16-62 տարեկան, կանայք՝ 16-59 տարեկան), բնակչության 21,7 %-ը՝ աշխատունակ տարիքից ցածր, իսկ 12,5 %-ը՝ աշխատունակ տարիքից բարձր բնակչությունը։ Ընդ որում, հաշվարկների համաձայն, 1 հազ. աշխատունակ տարիքի քաղաքացիներին բաժին է ընկել 521 տարեց և երեխա (0-15 տարեկան)։

2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցված բնակչության բնական հավելաճի ցուցանիշը տարեսկզբի նկատմամբ կազմել է 3,8 հազ. մարդ, իսկ 2006թ. հոկտեմբերի համեմատ՝ 5,9 հազ. մարդ։

ԱՎԾ վերջին տվյալների համաձայն, 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է 28 հազ. 867 նորածին, որը 5,6 %-ով գերազանցում է 2006թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 հազ. բնակչի հաշվով, կազմել է 12 պրոմիլ՝ 2006թ. նույն ժամանակամիջոցի համեմատ աճելով 0,6 պրոմիլային կետով։

Բացի այդ, ՀՀ ԱՎԾ հաշվետվության մեջ նշվում է, որ 2007թ. հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունում գրանցվել է 20 հազ. 481 մահ՝ 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված 20 հազ. 456 մահվան դեպքի համեմատ, իսկ մահացության ընդհանուր գործակիցը կազմել է 8,5 պրոմիլ՝ անփոփոխ մնալով 2006թ. նույն ժամանակամիջոցի համեմատ։

Վերլուծության համաձայն, թեև 2007թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, ընդհանուր առմամբ, գրանցվել է բնակչության աճ, սակայն առանձին շրջաններում, օրինակ՝ Լոռու մարզի Թումանյանի քաղաքային և գյուղական շրջաններում, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Կրասնոսելսկի, Կապանի և Մեղրու գյուղական ավաններում, Դիլիջան քաղաքում գրանցվել է բնակչության թվաքանակի կրճատում։

Նաև 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 13 հազ. 360 ամուսնություն, որը 8,8 %-ով գերազանցում է 2009թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշը։ Միաժամանակ, հանրապետությունում 1,5 %-ով նվազել է  ամուսնալուծությունների թիվը, 2007թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է 2,1 հազ. ամուսնալուծություն։

2007թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտագաղթել է 12 հազ. 220 մարդ՝ 2006թ. նույն ժամանակամիջոցի 12 հազ. 236 մարդու փոխարեն։ Միաժամանակ, 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստան է վերադարձել 7,5 հազ. մարդ՝ 2006թ. առաջին ինը ամսիներին գրանցված 6,8 հազ. մարդու դիմաց։ --0—