Հայաստանը և ԱՄԷ-ն մտադիր են համագործակցել գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառներում

10.12.2007, 13:49
Հայաստանը և ԱՄԷ-ն մտադիր են համագործակցել գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառներում
Հայաստանը և ԱՄԷ-ն մտադիր են համագործակցել գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառներում

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2007 թ.-ի դեկտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։

 Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 12-ին  Աբու Դաբիում կկայանա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահյանի հանդիպումը, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ:

Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ահմադ Ալ Մազրուի հետ, կմասնակցի ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր  արարողությանը, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի շրջանակում կստորագրվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության համաձայնագրեր: ՀՀ կառավարության և Աբու Դաբի զարգացման հիմնադրամի միջև կստորագրվի  Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ պայմանագիր:

 Այցի վերջին օրը Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Ռաս Ալ Խայմա, որտեղ կհանդիպի  Ռաս Ալ Խայմայի թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ բեն Սակր Ալ Կասիմի հետ:

Նախագահի գլախվորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-