Հայաստանը Ռուսաստանից նվեր է ստացել 22 հայկական ֆիլմերի բնօրինակները

06.12.2007, 19:31
Հայաստանը Ռուսաստանից նվեր է ստացել 22 հայկական ֆիլմերի բնօրինակները
Հայաստանը Ռուսաստանից նվեր է ստացել 22 հայկական ֆիլմերի բնօրինակները

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային արխիվը Ռուսաստանի կողմից նվեր է ստացել «Հայֆիլմ» կինոստուդիայում 1963-1990թթ. նկարահանված 22 հայկական ֆիլմերի բնօրինակները։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Շուրջ մեկ շաբաթ առաջ մենք Սոֆտէկսպորտֆիլմ ռուսական արխիվից նվեր ստացանք 22 հայկական ֆիլմ, որոնք մեծ նշանակություն ունեն մեր մշակույթի համար»,-նշեց նա։

Նրա խոսքերով, Սոֆտէքսպորտֆիլմը՝ կազմակերպություն, որտեղ պահվում են նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններին պատկանող ֆիլմերը, դիմել է ֆիլմեր արտադրող երկրներին՝ դրանք ձեռք բերելու առաջարկությամբ։

«Երկարատև բանակցությունների արդյունքում մենք համաձայնության հասանք, որպեսզի Ռուսաստանը պարզապես նվիրի Հայաստանին այդ ֆիլմերը։ Հայկական կողմը միայն վճարել է այդ ֆիլմերը Ռուսասատնից տեղափոխելու գումարը»,-ասաց Վիրաբյանը։

Նա հավելեց նաև, որ ֆիլմերի ընդհանուր քաշը (նեգատիվ, պոզիտիվ պատճեներ, կոնտրատիպ, լավանդա, ֆոնոգրամա) գերազանցել է մեկ տոննան և դրանց փոխադրման համար ծախսվել է շուրջ 500 հազ. դրամ (մոտ $1700)։

Արխիվի տնօրենը խոստացավ, որ մոտ ժամանակներս բոլոր ֆիլմերը թվայնացվելու են, իսկ բնօրինակները տեղադրվելու են լավ պահպանման համար նախատեսված հատուկ շենքերում։

Ռուսաստանի կողմից Հայաստանին նվիրված ֆիլմերի թվում են այնպիսի հայտնի ժապավեններ, ինչպիսիք են՝ «Գիքոր», «Կտոր մը երկինք», «Ճանապարհ դեպի կրկես», «Մեր մանկության տանգոն», «Զինվորն ու փիղը», «Խաթաբալա», «Նռան գույնը», «Նահապետ», «Անձամբ ճանաչում եմ»։

Վիրաբյանը հավելեց նաև, որ մոտ ժամանակներս ծրագրվում է ձեռք բերել ևս 15 ֆիլմ՝ Ռուսաստանի Կինոարխիվից, այդ թվում՝ Հայաստանի տարածքում նկարահանված առաջին 6-րոպեանոց ժապավենը՝ «Կաթողիկոս Իզմիրլյանի հուղարկավորությունը», որը նկարահանել են անգլիացիները՝ 1911թ.-ին, ինչպես նաև «Կովկասյան ճակատում Առաջին համաշխարհային պատերազմի քրոնիկան» (168 րոպե)՝ Արևմտյան Հայաստանի ճակատամարտերի տեսագրությունը (Էրզրումում և Տրապիզոնում)։

«Մենք արդեն պայմանագիր ենք կնքել, և պետությունը գումար է հատկացրել այդ կինոքրոնիկաների պատճեները ձեռք բերելու համար, իսկ ռուսական արխիվը մեզ համար 50% զեղչ է արել»,-նշեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրենը։—0--