Հայաստանում ամենակոռումպացվածները դատարանները, ոստիկանությունը և կրթական համակարգն է. սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներն են դատական համակարգը, ոստիկանությունը և կրթական համակարգը, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Transparency International» հայկական գրասենյակի փոխտնօրեն Վարուժան Օկտանյանը՝ ներկայացնելով «Կոռուպցիայի գլոբալ բարոմետրը» հարցման արդյունքները։
Նրա խոսքերով, հարցվածների 96 տոկոսը կարծում է, որ դատարանները, իրավապահ մարմինները և կրթության համակարգը չափից դուրս կոռուպացված ոլորտներ են։
Հարցվածների մոտ 95 տոկոսը կաշառված են անվանել քաղաքական կուսակցությունները, խորհրդարանը, առողջապահության համակարգը, 93 տոկոսը՝ հարկային համակարգը, 91 տոկոսը՝ անշարժ գույքի կադաստրը, հարկային ծառայությունը և ԶԼՄ-ները, իսկ 80 տոկոսը՝ մատնանշել են բանակում առկա կոռուպցիան։
«Հետաքրքիր է, որ բնակչությունը ամենաքիչ կաշառված է համարում հասարակական (79 տոկոս) և կրոնական կազմակերպությունները (44 տոկոս), սակայն այս ոլորտներում նույնպես նկատում է կոռուպցիայի աճի միտում»,- ասաց Օկտանյանը։
Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ հարցվածների միայն 9,1 տոկոսն է խոստովանել, որ ստիպված է եղել կաշառք տալ։
«Սա բացատրվում է նրանով, որ մարդիկ վախենում են խոստովանել դա՝ այս կամ այն պատճառով»,- ասաց Օկտանյանը՝ նշելով, որ ԱՊՀ երկրներում այս ցուցանիշը միջին հաշվով ավելի բարձր է և հասնում է մոտավորապես 21 տոկոսի։
Նա նաև ավելացրեց, որ հարցման մասնակիցների մոտ 54 տոկոսը արդյունավետ չի համարում կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ, և նույնքան հարցվածներ էլ կանխատեսում են, որ երեք տարվա ընթացքում կոռուպցիան Հայաստանում կմեծանա։
«Բնակչության 20 տոկոսը կարծում է, որ կոռուպցիայի մակարդակը կնվազի, 26 տոկոսը վստահ է, որ անփոփոխ կմնա։ Բացի այդ, հարցվածների 28 տոկոսը հավատում է, որ կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ դրական արդյունք կտա, իսկ 18 տոկոսը կարծում է, որ նրանք որևէ ազդեցություն չեն ունենա երկրի դրության վրա»,- ասաց Օկտանյանը։
Հայաստանում «Կոռուպցիայի գլոբալ բարոմետր» հարցումն առաջին անգամ անցկացվել է 2007թ. ամռանը՝ հանրապետության 2481 քաղաքացիների շրջանում։ 2003թ.-ից ի վեր աշխարհի 60 երկրներում այս հարցումը իրականացվում է «Transparensy International» համաշխարհային հակակոռուպցիոն դաշինքի կողմից։
2007թ. Հայաստանը աշխարհի 180 պետությունների ցանկում կոռուպցիայի մակարդակով զբաղեցրել է 99-րդ տեղը։ --0—