ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը բարձր է գնահատել Հայաստանում կատարվող բարեփոխումների նշանակությունը

05.12.2007, 16:47
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը բարձր է գնահատել Հայաստանում կատարվող բարեփոխումների նշանակությունը
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը բարձր է գնահատել Հայաստանում կատարվող բարեփոխումների նշանակությունը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Երևանում ընդունել է  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի  ՀՀ հարցով զեկուցող  Ժորժ Կոլոմբիեին  և նրա գլխավորած  պատվիրակությանը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում պարոն Կոլոմբիեն  նշել է, որ  հանձնաժողովի պատվիրակությունը մեր երկիր է ժամանել`  ծանոթանալու Հայաստանի վիճակին մայիսին կայացած  խորհրդարանական   ընտրություններից շուրջ վեցուկես ամիս  հետո  և նախագահական  ընտրություններից երկուսուկես  ամիս  առաջ։

«Ուրախ եմ, որ  մի շարք  ուղղություններով  բարեփոխումներն ավարտված են, սկսած`  ՀՀ բարեփոխված Սահմանդրության ընդունմամբ, Ընտրական  օրենսգրքում  փոփոխություններով, դատական համակարգի  բարեփոխումներով,  որոնք արդեն  լիարժեքորեն կյանքի կոչվելով, Հայաստանում բարեփոխումների զգալի  դրական  տեղաշարժեր կարձանագրեն»,-հայտարարել է Կոլոմբիեն:  

Իր հերթին, Սերժ Սարգսյանը ողջունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի  պատվիրակության այցը Հայաստան, նշելով, որ  Եվրոպայի խորհրդի  կողմից իրականացվող  մոնիտորինգը լրացուցիչ խթան է մեր երկրի կողմից, նախանշված  ժամանակացույցին համապատասխան, բարեփոխումների  իրագործման  համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են  ՀՀ  նախագահական  ընտրությունների  նախապատրաստման  գործընթացին,  ընտրությունների ազատ  և արդար կազմակերպման,  խոսքի ազատության և  բազմակարծության  ապահովման հարցերին։ Քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ  պայքարի ուղղությամբ  մինչ այժմ իրագործված  և իրականացվելիք  աշխատանքները, ինչպես նաև  ԼՂ հակամարտության  կարգավորման  գործընթացի  վերջին զարգացումները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները  տեղի ունեցան 2007թ. մայիսի 12-ին, իսկ հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։--0—