Եգիպտոսը կողմ է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

04.12.2007, 19:30
Եգիպտոսը կողմ է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսը կողմ է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը, հայտարարեց Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմադ Աբու ալ-Ղեյտը՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի հետ հանդիպման ընթացքում, որը Կահիրեում է գտնվում Հայաստանի և Եգիպտոսի արտգործնախարարությունների միջև հերթական խորհրդակցությունների նպատակով։

«Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Եգիպտոսի արտգործնախարարը վերահաստատել է Եգիպտոսի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի նկատմամբ, որը հանդես է գալիս խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Նա նաև ավելացրեց, որ Եգիպտոսը կողջունի խնդրի ցանկացած լուծում, որն ընդունելի կլինի կողմերի համար։  

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային, մասնավորապես, հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր:

Եգիպտոսի ԱԳ նախարարի խնդրանքով Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրել է ղարաբաղյան խնդրի ներկա վիճակը, նաև Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերությունները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ 2008թ. ընթացքում ԵԱՀ ԱԳ նախարարի այցը Հայաստան իրականացնելու կապակցությամբ:

Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Ֆաթմա Զահրայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես այս տարվա ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակը և գոհունակություն հայտնել վերջին տարիների ընթացքում մի շարք բնագավառներում երկկողմ գործակցության ակտիվացման կապակցությամբ։

Միաժամանակ, զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական, ավիացիայի, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ուղղությամբ համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: --0—