Հալեպում քննարկվել են Հայաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հալեպում քննարկվել են Հայաստանի և Սիրիայի միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, նոյեմբերի 24-30-ը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Սիրիայում։
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հալեպի առևտրաարդյունաբերական պալատների նախագահների, Սիրիայի գլխավոր մուֆտիի, Հալեպի նահանգապետի և գործարարների հետ։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաև 2007թ. հունվարին Հալեպի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սալեխա Մալլահի հայաստանյան այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման գործընթացը։
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը նաև հանդիպումներ ունեցավ Դամասկոսի և Սիրիայի ԱԱՊ-ների ներկայացուցիչների, գյուղատնտեսության նախարարի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ --0—