ՀՀ գլխավոր դատախազը ԵԽԽՎ համազեկուցողների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումների հարցերը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեքշաբթի ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդրանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ժորժ Կոլոմբյեին և հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին դատաիրավական բարեփոխումներին, ոստիկանական մարմիններում մարդու իրավունքների պաշտպանությանը, ընտրախախտումների քրեական հետապնդմանն առնչվող հարցեր»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
Հյուրերի խնդրանքով, Հովսեփյանը ներկայացրել է դատախազության համակարգում բարեփոխումների նախագիծը՝ տեղեկացնելով, որ այս համատեքստում էապես բարձրացել է դատախազության անկախության կարգավիճակը և հստակեցվել են նրա գործառույթները։
Նրա խոսքերով, դատախազության բարեփոխումների երրորդ փուլի հիմքը դրվել է ՀՀ Սահմանադրության 2005թ.-ի փոփոխություններով, որի սկզբունքներին համապատասխան, ընդունվել և 2007թ. մայիսի 1-ից գործողության մեջ է մտել «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը։
«Օրենքով նախատեսված անցումային փուլը ավարտվել է 2007թ. դեկտեմբերի 1-ին, և դրան համապատասխան՝ հաստատվել է դատախազության նոր կառուցվածքը, ձևավորվել են ներ վարչություններ՝ նեղ մասնագիտացումներով»,- ընդգծեց Հովսեփյանն՝ ավելացնելով, որ հաշվի առնելով դատախազության նախորդ տարիների գործունեության պրակտիկան, վարչությունները ձևավորվել են ըստ հանցատեսակների՝ դրանց բացահայտման և քննության նկատմամբ դատախազական հսկողության որակն առավել բարձրացնելու նպատակով։
Անդրադառնալով 2007թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումներին՝ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ դրանք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են, նյութեր են նախապատրաստվել և քննություն է իրականացվել արձանագրված բոլոր ահազանգերի կապակցությամբ։
Նրա խոսքերով, դրա արդյունքում դատարան է ուղարկվել 8 քրեական գործ՝ 17 անձի նկատմամբ։ 4 գործով հանցավոր են ճանաչվել տեղամասային ընտրական հանձնաժողովի 12 անդամ, որոնցից 11-ը՝ քվեարկության արդյունքները կեղծելու, 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար։
Նա ավելացրեց, որ 2 քրեական գործով 3 անձ դատապարտվել է՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։
Դատախազի խոսքերով, կուտակված փորձը կօգնի առաջիկա նախագահական ընտրություններում ընտրախախտումները կանխարգելելուն, իսկ արձանագրվելու դեպքում՝ դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում։
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ ձևավորված դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում մշակվել և խորհրդարանի կողմից ընդունվել է ընտրախախտումների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժաչափերը խստացնող օրինագիծը։
Իր հերթին ԵԽԽՎ համազեկուցողը, նշելով ընտրախախտումներին քրեաիրավական գնահատական տալու կարևորությունը, հույս է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրություններում դատախազությունը հետևողականություն կցուցաբերի ընտրախախտումների դեմ պայքարելու հարցում։ --0—