Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայկական ԱԷԿ-ն ապահովել է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության կեսը
Հայկական ԱԷԿ-ը 2007թ. հունվար-հոկտեմբերին ապահովել է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության գրեթե կեսը։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱԷԿ-ում արտադրվել է 2281,2 մլն. կվտ ժ. էլեկտրաէներգիա կամ երկրի ընդհանուր արտադրանքի 46,61%-ը։
Հայաստանի երկու ջերմաէլեկտրակայանները՝ Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երը, առաջին կիսամյակում արտադրել են 1073,8 մլն. կվտ ժ. կամ հանրապետության ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրանքի 21,94%-ը, իսկ հիդրոէլեկտրակայաններին բաժին է ընկել 1537,7 մլն. կվտ ժ. կամ 31,42%-ը։
Բացի այդ, Հայաստանում գործող միակ հողմաէլեկտրակայանն արտադրել է 1,9 մլն. կվտ. ժ. էլեկտրաէներգիա (ընդհանուր ծավալի 0,04%-ը)։
Վիճակագրական տեղեկատվության համաձայն, Հայաստանում 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 4894,6 մլն. կվտ. ժ., ինչը 0,2%-ով բարձր է 2006թ. նույն ժամանակաշրջանի մակարդակից։
Ընդ որում, ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 3,1%-ով, այնինչ ԱԷԿ-ի արտադրանքն աճել է 4,2 %-ով։ Միաժամանակ, նշված ժամանակահատվածում ՋԷԿ-երն արտադրել են 2,1%-ով պակաս էլեկտրաէներգիա, քան 2006թ.-ին։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 355,5 հազ. Գկալ ջերմաէներգիա, ինչը 29,3%-ով բարձր է 2006թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշից։--0—