Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը հնարավոր է եղել բարձրացնել պատշաճ մակարդակի վրա. Հայաստանի ԱԳ նախարար
Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը հնարավոր է եղել բարձրացնել պատշաճ մակարդակի վրա։ Այս մասին «Կոմերսանտ» ռուսական թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
«Եթե ավելի վաղ մենք համարում էինք, որ մեր տնտեսական համագործակցությունը ետ է մնում քաղաքական երկխոսությունից, ապա այսօր կարելի է հավաստել, որ քաղաքական երկխոսության առաջընթացող ընդլայնման հետ մեկտեղ հնարավոր է եղել պատշաճ մակարդակի վրա հասցնել նաև տնտեսական համագործակցությունը», - ասել է Օսկանյանը։
Մասնավորապես, նախարարի խոսքերով, բարձր մակարդակ է ձեռք բերվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են առևտուրը, տրասնպորտը, էներգետիկան, արդյունաբերությունը, զգալիորեն աճել է Հայաստանի տնտեսություն արվող ռուսական ներդրումների ծավալը։
«Միաժամանակ կարծում եմ, որ առևտրատնտեսական հարաբերությունների բնագավառում կարելի է հասնել ավելիին, սակայն այս փուլում դրան խոչընդոտում է գործող ցամաքային կապերի բացակայությունը», - ասել է Օսկանյանը՝ ավելացնելով, որ խոսքը գնում է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության մասին։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը ԵԱՀԿ Միսնկի խմբի ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտութան կարգավորման հարցում, որտեղ նա, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ մեկտեղ, համանախագահներից մեկն է։
«Միաժամանակ ես կարծում եմ, որ մենք պետք է բնութագրենք մեր հարաբերությունները՝ ոչ միայն հաշվի առնելով նյութական ցուցանիշները և գործնական արդյունքները, այլ նաև գնահատելով դրանք հայեցակարգային տեսակետից», - նշել է նախարարը։
ԱԳ նախարարի խոսքերով, այս համատեքստում Երևանը դիտարկում է Ռուսաստանը որպես պետություն, որը օրեցօր ավելացնում է իր ազդեցությունը աշխարհում, և որի հետ Հայաստանը ունի ռազմավարական գործընկերություն։
«Մենք համոզված ենք, որ Ռուսաստանում մեզ նույնպես դիտարկում են որպես կայուն և վստահելի գործընկերոջ, որը լավ հարաբերություններ է հաստատում նաև այլ երկրների հետ, որոնք ունեն սեփական ռազմավարական շահեր Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասել է Օսկանյանը։
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այցը Մոսկվա կտևի դեկտեմբերի 4-6-ը։ Այցի շրջանակներում ծրագրվում է Օսկանյանի հանդիպումը ռուս իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարը դասախոսություն կընթերցի նաև ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների համար։-0-

