Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում համաձայնության հասնելուն

04.12.2007, 11:08
Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում համաձայնության հասնելուն
Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում համաձայնության հասնելուն

Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում համաձայնության հասնելուն։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։

«Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահ – «Նովոստի-Արմենիա») և Սաֆար Աբիևի (Ադբեջանի պաշտպանության նախարար – «Նովոստի-Արմենիա») ելույթները դժվար թե նպաստեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Մի գուցե, հնարավոր լինի որևէ բանի հասնել, սակայն դեռևս ես դրա համար հիմքեր չեմ տեսնում», - ասաց նա։

Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ հավանություն տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգին և սկսել մշակել համապարփակ խաղաղ համաձայնագիր։

«Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու կողմերին՝ հաղթահարել մնացած վերջին տարաձայնությունները՝ հավանություն տալով կարգավորման ընդհանուր հայեցակարգին և դրա հիման վրա մշակել համապարփակ խաղաղ համաձայնագիր», - ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, նոյեմբերի 27-ին Աստանայում կայացած ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ադբրեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ասել է, որ գոյություն ունի Հայաստանի հետ պատերազմի վերսկսման 100 տոկոսանոց հնարավորություն։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-