Ռուս-հայկական պետական համալսարանում բացվել է տարեկան գիտաժողովը

03.12.2007, 19:48
Ռուս-հայկական պետական համալսարանում բացվել է տարեկան գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանում երկուշաբթի տեղի ունեցավ ՌՀՀ հերթական տարեկան գիտաժողովի բացումը։

Ինչպես հայտնեց ՌՀՀ մամուլի-քարտուղար Ռոման Նադիրյանը, տարեկան գիտաժողովը նվիրված է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի հիմնադրման 10-ամյակին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը։

ՌՀՀ գիտաժողովն անցկացվում է տարբեր ուղղություններով. մաթեմատիկա, տեղեկատվություն և տեխնիկական գիտություններ, ֆիզիկա-տեխնիկական գիտություններ, բիոքիմիական գիտություններ, տնտեսական գիտություններ, իրավաբանական գիտություններ, փիլիսոփայական և լեզվաբանական գիտություններ, սոցիալ-հոգեբանական գիտություններ։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր համալսարանը իր ստեղծման տասնամյակ է մտնում  հենց գիտաժողովով։ Շատ լավ է, որ այս գիտաժողովն արդեն ավանդական է դարձել։ Դա նշանակում է, որ մեր գոյության 10-ամյակին մենք սահմանել ենք, որ գիտությունը և հետազոտական աշխատանքը մեր առաջնահերթություններն են»,-գիտաժողովի բացման ժամանակ նշեց ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Խոսելով այսօրվա աշխարհում գիտության և կրթության դերի մասին՝ ռեկտորն ընգծեց, որ այսօր շատ հարցեր կան այն մասին, թե ինչպիսին է 21-րդ դարի գլխավոր գաղափարը, որը կկարողանար միավորել բոլորին և տանել դեպի զարգացում։

«Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում և, մասնավորապես, մեր համալսարանում գիտության զարգացման համար կան հսկայական հնարավորություններ։ Ինչ էլ որ այսօր անենք երկրի զարգացման համար, ինչպիսի զարգացման համակարգեր էլ կիրառենք, մենք դա անում ենք առաջին անգամ։ Ընդ որում առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլ՝ աշխարհում, որովհետև աշխարհը դեռևս չի իմացել հասարակական, քաղաքական և տնտեսական հարաբերությունների այնպիսի խորքային վերափոխումներ, որոնք տեղի ունեցան ԽՍՀՄ փլուզումից հետո»,-ասաց նա։--0--