Հայաստան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները

03.12.2007, 13:56
Հայաստան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները
Հայաստան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները

Նախօրեին Հայաստան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն և Նևեն Միմիցան, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկուշաբթի նախատեսված են նրանց հանդիպումները Հայաստանում ներկայացված ԵԽ անդամ երկրների դեսպանների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին կընդունեն նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանը, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Դեկտեմբերի 4-ին նախատեսված են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի և Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ:

Դեկտեմբերի 5-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կլինեն Ազգային ժողովում` նախատեսված են հանդիպումներ ԱԺ «Ժառանգություն», «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ խմբակցությունների անդամների, ԱԺ պետական-իրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

Ծրագրված են նաև հանդիպումներ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Դեկտեմբերի 6-ին համազեկուցողները կմեկնեն Երևանից: --0--