ՀՀ ԱԳ նախարարը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել Մադրիդում
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել Մադրիդում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Վարդան Օսկանյանի և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշել Քալմի Ռեյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, հարևանների հետ Հայաստանի հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացը: Վարդան Օսկանյանը շվեյցարացի իր գործընկերոջը ներկայացրել է նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Հայ նախարարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը, ինչպես նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Ռոբերտ Սիմոնսն ընդգծել է Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի կապի սպա Զբիգնև Ռիբացկու Հայաստան կատարած վերջին այցի, ինչպես նաև նոյեմբերի 20-22-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Հայաստանի պատվիրակության այցի արդյունավետությունը:
Իսպանիայում Օսկանյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալի հետ: Վերջինիս հետ զրույցի ընթացքում քննարկվել են 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին և ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությամբ ընտրություններին մասնակցելու ձևաչափին վերաբերող հարցեր:
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Վարդան Օսկանյանը Ռումինիայի ԱԳ նախարար Ադրիան Սիորիանուի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը, ընգծել հարաբերություններում առկա մեծ ներուժը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի և Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Ռումինիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի հետ հանդիպման ժամանակ հայ նախարարը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Հայաստան- Թուրքիա հարաբերությունները։ Զրուցակիցները ճշգրտել են ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշումները:-0-

