Հայաստանում խախտվում են վարորդների դատավարական իրավունքները. մոնիտորինգ

30.11.2007, 18:51
Հայաստանում խախտվում են վարորդների դատավարական իրավունքները. մոնիտորինգ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում վարչական իրավախախտումների դատական գործերի մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վարորդների դատավարական իրավունքները հաճախ խախտվում են։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում  հայտնեց Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, 2002-2007թթ. իրականացված մոնիտորինգի համաձայն, վարչական 69 իրավախախտումների հետ կապված դատական գործերից միայն երկուսն են վճռվել վարորդների օգտին վերաքննիչ ատյանում։

«Այսօր, չնայած գործող օրենսդրության պահանջներին, որը գրեթե ամբողջովին  կարգավորված է, մենք տեսնում ենք վարորդների իրավունքների համատարած խախտումներ՝ սակած Ճանապարհային ոստիկանության համակարգից և վերջացրած դատական համակարգով»,-հայտարարեց նա։

Նրա խոսքերով, դատավարությունների ընթացքում խախտվում են վարորդների գրեթե բոլոր դատավարական իրավունքները՝ դա թե անմեղության կանխավարկածի խախտումն է, թե դատավարական կաննոների խախտումը, թե առանց դատաքննության վճիռ կայացնելը։

«Այսօր Հայաստանում վարորդները կարող են բողոքարկել միայն դատական որոշումները՝ առանց տեղում գրված արձանագրությունների բողոքարկման իրավունքի»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով, անհրաժեշտ է վարորդներին արձանագրությունները բողոքարկելու իրավունք ընձեռել, քանի որ կաննոների խախտման մեծ մասը բաժին է ընկնում հենց «իրականությանը չհամապատասխանող արձանագրություններին»։

Նա հայտարարեց, որ տարրական դատավարական իրավունքների խախտումը հանգեցնում է նաև հայ վարորդների նյութական իրավունքների ոտնահարմանը։

«Այսօրվա դրությամբ դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ վարորդներն անգամ տեղյակ չեն պահվում այն մասին, որ իրենց գործը քննվում է դատարանում, և իմանում են այդ մասին միայն այն ժամանակ, երբ նրանց տեղեկացնում են տույժի մասին»,-նշեց նա։

Բայց նա հավելեց, որ մեղքի որոշակի բաժին ունեն նաև հենց քաղաքացիները, որոնք չգիտեն կամ ոչ բավարար են տեղեկացված իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների իրավունքների և պարտականությունների մասին։--0--