Երևանում տեղի ունեցավ Թուրքիայի ազգային անվտանգության ոլորտին վերաբերող վերլուծական նյութերի ժողովածուի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քաղաքական հետազոտությունների հայկական ինստիտուտը (ՔՀԻ) ուրբաթ անցկացրեց Թուրքիայի ազգային անվտանգության ոլորտին վերաբերող «Անվտանգության և պաշտպանության հիմնախնդիրները» վերնագրով վերլուծական նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
Ինչպես շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական, ՔՀԻ խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը, հրատարակության մեջ տեղ են գտել Թուրքիայի ազգային անվտանգության և ռազմաքաղաքական համակարգի հարցերի մասին վերլուծական հետազոտությունները։
Նրա խոսքերով, բոլոր հետազոտությունները հիմնվում են ժամանակակից տեղեկատվական-վերլուծական լայն բազայի վրա։
Նախագահի խորհրդականը նշեց, որ ժողովածուում ներկայացված են Թուրքիայի ազգային անվտանգության և պաշտպանության, ազգային անվտանգությունն ապահովող կառույցների, զինված ուժերի, ռազմական արդյունաբերության արդիականացման ռազմավարական պլանների, հատուկ ծառայությունների հայեցակարգերը և ռազմավարական գնահատականները։
«Գրքում ներկայացված է նաև Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմաքաղաքական համագործակցոիթյունը, դրա զարգացման հեռանկարները»,- ավելացրեց նա։
Իսագուլյանն ավելացրեց, որ նախատեսված է նաև ժողովածուի երկրորդ հրատարակությունը, որտեղ անդրադարձ է լինելու Թուրքիայի սոցիալ-տնտեսական հարցերին։
«Բացի Թուրքիայից, մենք մտադիր ենք հրատարակել վերլուծական նյութերի նմանատիպ ժողովածուներ նաև Հայաստանի հարևան պետությունների (Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի) վերաբերյալ,- ավելացրեց նա։
Իր հերթին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նույնպես նշեց այս հրատարակության կարևորությունը։
«Թուրքիան բազմիցս եղել է Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիքի աղբյուր»,- ասաց նա։ Դեմոյանն ավելացրեց, որ վերլուծական ժողովածուն ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալ ժամանակակից Թուրքիայի հետ։
«Գիրքը հնարավորություն է տալիս իրատեսորեն գնահատական իրավիճակը, ինչը հետագայում կազդի ճիշտ որոշումներ կայացնելու վրա»,- ավելացրեց Դեմոյանը։
Հայաստանը ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի մեջ է իր չորս հարևաններից երկուսի՝ Վրաստանի և Իրանի հետ։ Մյուս հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ներկայումս դիվանագիտական հարաբերություններ չկան։
«Անվտանգության և պաշտպանության հիմնախնդիրները» վերլուծական նյութերի ժողովածուի մեջ ներառված են Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետներ Միխայիլ Աղաջանյանի, Լևոն Հովսեփյանի, Սերգեյ Մինասյանի, Հայկ Դեմոյանի և Արմեն Հարությունյանի զեկուցումները։ Ժողովածուն հրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով՝ 500 տպաքանակով։ --0—

