ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է Հայաստանի համար. Առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՄԻԱՎ-վարակակակիրների թվի աճի կապակցությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է Հայաստանի համար։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի, առողջապահության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքերով, Հայասատնում ՁԻԱՀ-ի առաջին դեպքը գրանցվել է 1988թ.-ին, և այդ ժամանակվանից ամեն տարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ով վարակվածների թիվն աճում է։
«Մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այդ խնդրին։ Մենք պետք է միավորվենք դրա դեմ պայքարելու համար, առավել ևս, որ ամեն օր խնդիրն ավելի արդիական է դառնում»,-նշեց նա։
Բաբլոյանը կարծում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքով հնարավոր չէ հասնել խնդրի լուծմանը։ «Մենք պետք է ընդունենք բոլոր մարդկանց հավասարությունը՝ անկախ այն բանից, վարակված են նրանք, թե ոչ։ Խտրականության բոլոր ձևերն անընդունելի են»,-նշեց նա։
Պաշտոնական տվյալներով, այսօր Հայաստանի քաղաքացիների շրջանում գրանցված է ՄԻԱՎ-վարակի 528 դեպք, որից 99-ը՝ 2007թ.-ին։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ Հայաստանում ՄԻԱՎ- վարակակիրների հաշվարկային թիվը 2800 է, որից 396-ը տղամարդիկ են, 132-ը՝ կանայք և 11-ը՝ երեխաներ։ ՄԻԱՎ-վարակակիրների մեծ մասը 20-39 տարեկան է (72,3%)։
ՄԻԱՎ-վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում՝ 254 դեպք, ինչը կազմում է ընդհանուր թվի 48,1%-ը, երկրորդ տեղում 9,8%-ով Շիրակն է։
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի ողջ աշխարհում՝ սկսած 1988թ. դեկտեմբերի 1-ից և նպատակ ունի լայն հասարակայնության ուշադրությունը բևեռել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին, միավորել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում աշխատող բոլոր կազմակերպությունների ջանքերը, ներգրավել նոր կազմակերպություններ, խմբեր և անհատ անձանց՝ կանխարգելիչ գործունեության մեջ։ --0--