Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները միշտ եղել են երկրի հայրենասերները. համայնքի ղեկավար

30.11.2007, 16:38
Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները միշտ եղել են երկրի հայրենասերները. համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հրեական համայնքի ներկայացուցիչները միշտ եղել են Հայաստանի հայրենասերները, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը։

«Մենք Հայաստանի հայրենասերներն ենք՝ ինչպիսի իշխանություն էլ լինի երկրում՝ լավ թե վատ։ Հայաստանի հրեաները հայերի հետ միասին կրել են բոլոր դժվարությունները, և եթե որևէ մեկը հեռացել է երկրից, ապա միայն սոցիալական, այլ ոչ քաղաքական դրդապատճառներով»,-ասաց Վարժապետյանը։

Պատասխանելով 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում հայ հրեաների դիրքորոշման վերաբերյալ հարցին՝ Վարժապետյանն ասաց, որ չի կարող խոսել ողջ համայնքի անունից, բայց իր անձնական կարծիքով, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը շատ բան է արել Հայաստանի և հայ ժողովրդի համար և դա արժանի է բարձր գնահատականի։

Նրա խոսքերով, Հայաստանում դրական տեղաշարժերն ակնհայտ են, և այդ ձեռքբերումները ներկայիս նախագահի և իշխանությունների շնորհիվ են։ «Վերադարձը նրան, ինչից հեռացել ենք, անմտություն է»,-ասաց նա։

Նա հավելեց նաև, որ հանրապետությունում շատ բան է արվել նաև ազգային համայնքների համար։ «Վերջերս տեղի ունեցած Ամրիկյան հրեական կոմիտեի նիստում ի լուր բոլորի հայտարարվեց, որ ազգային համայնքների հետ հարաբերությունների հարցում պետք է օրինակ վերցնել Հայաստանից»,-ասաց Վարժապետյանը։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Հայաստանի հրեական համայնքում գրանցված է 230 ընտանիք։

Հայաստանը ավանդաբար համարվում է միատարր երկիր, շուրջ 3,2 մլն. բնակիչների 96%-ը հայ է։ Հանրապետությունում միաժամանակ բնակվում են նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ։--0--