ՀՀ վարչապետը երկրում տիրող նախընտրական իրադրությունը նորմալ է գնահատում

30.11.2007, 15:55
ՀՀ վարչապետը երկրում տիրող նախընտրական իրադրությունը նորմալ է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետը երկրում տիրող նախընտրական իրադրությունը գնահատում է որպես նորմալ։

«Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Քաղաքական պայքարը ես միշտ էլ նախընտրել եմ անձնական վիրավորանքներից։ Կարծում եմ, որ մեր երկիրը աստիճանաբար զարգանում է»,- ուրբաթ, ՀՅԴ հայկական կառույցի գերագույն ժողովի արտահերթ 11-րդ նիստից հետո լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը։

Նրա կարծիքով, այս փուլում Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները սովորական նախընտրական խաղեր են։ Ինչպես նշեց վարչապետը, քաղաքական այս խաղի շրջանակներում հայ քաղաքական գործիչների արտահայտությունները բերում են վարկանիշի աճին կամ նվազմանը։

«Ամեն ինչ նորմալ է ընթանում, քաղաքական պայքարի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի կկատարի իր ընտրությունը»,- նշեց նա։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։

Որպես նախագահի թեկնածուներ առաջադրված են, մասնավորապես,  ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ընդդիմադիր ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ և «ԱԼՄ» հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։--0—