Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը կառաջադրվի Հայաստանի նախագահի պաշտոնում

29.11.2007, 15:17
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը կառաջադրվի Հայաստանի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը կառաջադրվի Հայաստանի նախագահի պաշտոնում։ Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ինքը՝ Հակոբկոխյանը, նա արդեն ստացել է վերջին տասը տարիներին մշտապես Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքը, որն, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է՝ ՀՀ ԿԸՀ-ում գրանցվելու համար։

Անհրաժեշտ ընտրագրավը հավաքելու համար, որը կազմում է 8 մլն. դրամ (26,3 հազ. դոլար), չեմպիոնը պատրաստ է անգամ զոհաբերել իր սեփական ոսկե մեդալները։

«Արժե գնալ դրան, քանի որ կարծում եմ, որ դա արվում է մեր երեխաների ապագայի համար»,- ասաց նա։

Հակոբկոխյանը դիմել է ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով նրան աջակցել, որպեսզի իր մեդալների գրավի դիմաց հայկական բանկերից վարկ ստանա։

Մարզիկը պատրաստվում է աջակցության խնդրանքով դիմել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես այն պետության ղեկավարի, որը նախկին Խորհրդային Միության իրավահաջորդն է, որի գոյության ժամանակ նա գրավել է չեմպիոնի իր բոլոր կոչումները։

Իր ծրագիրը ներկայացնելով՝ Հակոբկոխյանը նշեց, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ինքը մտադիր է բժշկական սպասարկումը և կրթությունը կրկին ամբողջովին անվճար դարձնել բնակչության համար, իսկ Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին՝ մարզի կարգավիճակով։

Իսկ նախագահական ընտրություններին անհաջողությունը, Հակոբկոխյանի խոստովանությամբ, իրեն շատ չի վշտացնի, քանի որ մարզիկը մտադիր է իրեն նվիրել իր ազգին և երկրին ծառայելուն։

Իսրայել Հակոբկոխյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (1985թ., 1989թ.), ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1979թ.՝ 1-ին միջին քաշային կարգ, 1981թ., 1982թ. և 1983թ.՝ 2-րդ միջին քաշային կարգ), ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի հաղթող 1983թ., 1986թ. Մոսկվայում Բարի կամքի խաղերի հաղթող, 1990թ. Սիեթլում Բարի կամքի խաղերի հաղթող, 1989թ.՝ աշխարհի չեմպիոն, 1985թ.՝ Աշխարհի գավաթակիր։

Նա մասնակցել է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին՝ մեծամասնական համակարգով՝ 11-րդ ընտրատարածքում։ Սակայն հավաքել է 5543 ձայն և չի անցել խորհրդարան (այդ տարածքում 16598 ձայներով հաղթել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը)։ --0—