Երևանում սկսվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության 37-րդ համագումարը
Հինգշաբթի Երևանում սկսվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) 37-րդ համագումարը։
Ինչպես հայտարարեց Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, համագումարի պատվիրակները մտադիր են վերլուծել արված աշխատանքն ու այն թերությունները, որոնք տեղ են գտել նրանց կուսակցական աշխատանքում։
«Մենք կվերլուծենք նաև այն ամոթալի երևույթները, որոնք տեղ են գտել երկրում և կպատրաստվենք նախագահական ընտրություններին», - ասաց նա։
Միաժամանակ Թովմասյանը տեղեկացրեց, որ Կոմկուսի ԿԿ բյուրոն որոշել է չառաջադրել նախագահի թեկնածու և ոչ ոքի չաջակցել, «քանի որ թեկնածուների շրջանում չկա ոչ ոք, ով կկիսեր ՀԿԿ սոցիալիստական գաղափարախոսությունը»։
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի խոսքերով, սույն համագումարը տոնական է, քանի որ 2007 թ.-ին նշվում է Հայաստանի խորհրդայնացման և Կոմկուսի ձևավորման 87-ամյակը։
«Այս ամենի հետ մեկտեղ, այս տարի նշվում է Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 90-ամյակը, որը փրկել է հայ ժողովրդին հնարավոր ամեն տեսակ ճնշումներից, մասնավորապես, անգրագիտությունից և աղքատությունից», - ընդգծեց նա։
Այս առնչությամբ ՀԿԿ 37-րդ համագումարի պատվիրակները մտադիր են Հայաստանի կառավարությանն առաջարկել՝ նոյեմբերի 29-ը պաշտոնապես հայտարարել որպես տոնական օր։
Բացի այդ, ՀԿԿ 37-րդ համագումարի արդյունքում ՀԿԿ-ն ծրագրում է ընդունել մի շարք որոշումներ, այդ թվում՝ միասնության ապահովման և կուսակցական կառույցների հզորացման հարցի առաջնայնության մասին, բնակչության տարբեր խավերին սոցիալական պայքարի մեջ ակտիվ ներգրավելու նպատակով նրանց հետ հետևողական աշխատանքների իրականացման մասին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել երկրի կոմերիտական կազմակերպություններին՝ ուսանողական և գյուղական երիտասարդության շրջանում նրանց ազդեցությունն ընդլայնելու նպատակով։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հիմնադրվել է 1991 թ.-ին։ Այժմ կուսակցության անդամների թիվը հասնում է 20 հազարի։-0-