Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի 2008 թ. նախագահական ընտրություններին

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի 2008 թ. նախագահական ընտրություններին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Նա ընդգծեց, որ ՀԿԿ ԿԿ-ն կներկայացնի այս առաջարկությունն այսօր` կուսակցության 37-րդ համագումարին։
Նրա խոսքերով, Կոմկուսի ԿԿ բյուրոն որոշել է` չառաջադրել նախագահի թեկնածու և ոչ ոքի չաջակցել, քանի որ գոյություն ունեցող թեկնածուների մի մասը ներկայացնում է այս համակարգի ամոթալի իրավիճակը, իսկ մյուսները մտադիր են առաջադրվել պարզապես առաջադրվելու համար։
Թովմասյանի խոսքերով, թեկնածուների մեջ չկա ոչ ոք, ով կկիսեր ՀԿԿ սոցիալիստական գաղափարախոսությունը։
Թովմասյանը նշեց, որ անցած 17 տարիները ցույց տվեցին, որ հանրապետությունում անցկացված ընտրությունները երբեք արդար, ազատ և թափանցիկ չեն եղել։
«Հակառակը, կեղծիքներ միշտ եղել են և ոչ մի գաղափարախոսական պայքար չի եղել խորհրդարանական ընտրությունների ժամանակ և չի լինի նաև կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ», - ասաց ՀԿԿ առաջնորդը։
Նա ընդգծեց, որ կուսակցությունը չի առաջադրի սեփական թեկնածու, քանի որ չունի ֆինանսական միջոցներ՝ ապահովելու ԿԸՀ-ի սահմանած նախընտրական ֆոնդը՝ 8 միլիոն դրամի չափով (շուրջ 26 հազ. դոլար)՝ նախկին 5 միլիոն դրամի (շուրջ 16 հազ. դոլար) փոխարեն։
Թովմասյանն ասաց, որ հովանավորներ չունեցող սովորական կուսակցությունը չի կարող վճարել նման գումար և ավելացրեց, որ ՀԿԿ ԿԿ-ն կդիմի իր ընտրազանգվածին՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու կոչով։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հիմնադրվել է 1991 թ.-ին։ Այժմ կուսակցության անդամների թիվը հասնում է 20 հազարի։
Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։
Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։
ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։-0-