Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների լիդերները Ծաղկաձորում կքննարկեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը»
«ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում-ֆորումը» կանցկացվի Ծաղկաձորում՝ 2007 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից /UITE/, միջոցառման մասնակիցները, մասնավորապես, կքննարկեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը», որը հետագայում կներկայացվի ՀՀ կառավարություն:
Ֆորումին ներկա է լինելու ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՏՀՏ ոլորտի 60 ընկերությունների ղեկավարներ և շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, դոնոր կազմակերպություններ:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենան մի շարք կլոր սեղաններ, մասնավորապես, «ՏՏ-կրթություն», «ՏՏ- իրավական դաշտ», «ՏՏ ոլորտի կառավարման քաղաքականություն», «ՏՏ միջազգային համագործակցություն» թեմաներով:
Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /UITE/, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը /EIF/, «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը /CAPS/, ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) հիմնական նպատակը Հայաստանում ՏՏ-ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանումն է և բիզնեսի խթանումը։ Իր ռազմավարության շրջանակներում՝ կազմակերպությունը մշակում և ներդնում է ՏՏ զարգացման նախագծեր։-0-

