Հայաստանի Ոստիկանությունը հրաժարվել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդին քաղաքացիության մասին տեղեկանք տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հրաժարվել է տրամադրել վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին «Նոր ժամանակներ» կուսակցության մամուլի ծառայությունից, Ոստիկանության լրատվական ծառայությունը նախապես տեղեկացրել էր, որ ի թիվս մի քանի քաղաքական գործիչների, Արամ Կարապետյանն այդ առումով ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելու որևէ խնդիր չունի:
«Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է առայժմ գործող իշխանությունների դիվահարության աստիճանի հասնող վախի մասին, ինչի պատճառով նրանք պատրաստ են դիմել ցանկացած ապօրինության»։ Մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Արամ Կարապետյանը պատրաստվում է ՀՀ Ոստիկանության հակաօրինական գործելակերպը վիճարկել դատարանում և ԿԸՀ-ին ներկայացնել համապատասխան բոլոր փաստաթղթերը՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար:
Միաժամանակ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ Կարապետյանին տեղեկանք տրամադրելու մերժման պատճառները կհրապարակվեն ավելի ուշ։
Ներկա դրությամբ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար դիմել են ութ մարդ, որոնց թվում՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ««Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թարախչյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը և «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
ՀՀ նախագահի թեկնածուների համար ընտրություններին մասնակցելու համար, այսպես կոչված, Հայաստանում բնակության և գտնվելու համապապատասխան ցենզը սահմանվել է Հայաստանի հիմնական օրենքով։ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի դրույթների համաձայն, հանրապետության նախագահ կարող է ընտրվել յուրաքանչյուր անձ, որն արդեն երեսունհինգ տարեկան է, վերջին տասը տարիների ընթացքում եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերջին տասը տարիներին մշտապես բնակվում է ՀՀ-ում և ունի ընտրական իրավունք։ --0—