Հայաստանի գալիք նախագահական ընտրությունները որակապես նոր փուլի սկիզբ կդառնան. խոսնակ

28.11.2007, 17:53
Հայաստանի գալիք նախագահական ընտրությունները որակապես նոր փուլի սկիզբ կդառնան. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գալիք նախագահական ընտրությունները որակապես նոր փուլի սկիզբ կդառնան։ Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

«Գալիք նախագահական ընտրությունները որակապես նոր փուլի սկիզբ կդառնան, որի ժամանակ առաջին պլան կմղվի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բարելավումը։ Ողջամիտ ամեն մարդու համար անընդունելի է ամեն ինչ զրոյից սկսելը»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքերով, այս առումով Հայաստանում բարեփոխվել է Սահմանադրությունը, տեղի են ունեցել բարձր գնահատականի արժանացած խորհրդարանական ընտրություններ, հնարավորություն կա՝ նույն մակարդակով անցկացնել նախագահական ընտրությունները։

Դրա հետ մեկտեղ խոսնակը նշեց, որ հանրապետության համար չափազանց կարևոր է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, երկու պետություններում էլ արժանավայել կյանքի ապահովումը։

«Եվ առաջիկա տարիներին մենք անպայման հասնելու ենք դրան»,- ամփոփեց Թորոսյանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։-0-