Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան կհրատարակի «Օտարատյացության և ցեղասպանությունների ուսումնասիրություններ» ժողովածուն
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան նախատեսում է հրատարակել «Օտարատյացության և ցեղասպանությունների ուսումնասիրություններ» ժողովածուն։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունից, հրատարակության մեջ մտնելու են «Հիշողությունից՝ հիշատակում» միջազգային գիտաժողովի զեկուցումները, որը տեղի ունեցավ Երևանում նոյեմբերի 27-28-ը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամիլիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ։
Մասնավորապես, իր զեկուցման մեջ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն անդրադարձավ նախկինում չուսումնասիրված մի թեմայի՝ «Սպորտը և ազգայնամոլությունը Օսմանյան կայսրությունում՝ 20-րդ դարի սկզբին։ Մոռացված հիշողություն»։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի ընթերցած գիտական աշխատությունում դիտարկվում էր Հայոց ցեղասպանության հարցի լուծման կառուցվածքային մոտեցումը։
Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ և մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Հոլանդիայից և Մեծ Բրիտանիայից։ Գիտաժողովի կազմակերպման համար Հայաստանի կառավարությունը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հատկացրել է 6,2 միլիոն դրամ (շուրջ 20 հազ. դոլար)։
Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է 1967թ.՝ Երևանում, Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ ճարտարապետներ Քալաշյանի և Մկրտչյանի նախագծով։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

