Աշխարհում ընթանում է ցեղասպանություն հասկացության արժեզրկում. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
Աշխարհում ընթանում է ցեղասպանություն հասկացության արժեզրկում։ Երկուշաբթի նման կարծիք է հայտնել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա» գործակալությունները։
«Մարդկությունը դեռևս չի մշակել ցեղասպանության քաղաքականության կանխարգելման համընդհանուր մեթոդիկա, և դրան զուգահեռ մենք տեսնում ենք այդ հասկացության արժեզրկման երևույթը, որն առկա է հետխորհրդային տարածքում», - ասել է Դեմոյանը։
Մասնավորապես, նա բերել է Հայաստանի մոտ հարևանի՝ Ադրբեջանի օրինակը, որտեղ նախկին նախագահ Հեյդար Ալիևի թեթև ձեռքով 1998 թ.-ին հրապարկվել է «չափազանց եզակի մի փաստաթուղթ», որն ընկած է ադրբեջանական պետականության հիմքում։
«Համաձայն փաստաթղթի, մարտի 31-ը հայտարարվել է ադրբեջանցիների ցեղասպանության օր։ Իսկ եթե ընթերցենք տեքստի մի մասը, ապա երևում է, որ Ռուսական կայսրությունը մի ինչ-որ 200 տարի առաջ հայերին բերել է Անդրկովկաս, բնակեցրել է նրանց, և դա դարձել է ադրբեջանցիների ցեղասպանության սկիզբ», - ասել է Դեմոյանը։
Կարնեգի մոսկովյան կենտրոնի գիտխորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն իր հերթին նշել է, որ բոլոր խոսակցությունները, մասնավորապես, Ուկրաինայի նկատմամբ սովամահության և ցեղասպանության մասին՝ շահարկումներ են։
«Բանն այն է, որ սովամահությունը տեղի է ունեցել Խորհրդային Միությունում, և մինչև մեր երկրում չլինի զղջում, ապա հարցերը կշարունակեն հայտնվել ու ոչ միայն Ուկրաինայում, այլև Ղազախստանում և այլ վայրերում», - ասել է Մալաշենկովը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն իր հերթին ասել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած սովամահության համար կարելի է գործածել «ստրատոցիդ» տերմինը, երբ ոչնչացնում են ոչ թե որևէ էթնոս, այլ բնակչության որևէ շերտ։
«Նման ստրատոցիդներ եղել են Խորհրդային Միությունում և շատ այլ երկրներում՝ պատմական տարբեր դարաշրջաններում, երբ ոչնչացվում էր ազնվականությունը, ոչնչացվում էր գյուղացիների ունևոր շերտը՝ ամենավայրագ մեթոդներով և, բնականաբար, դա Ուկրաինայում բերել է մարդկանց մեծ քանակության սովամահության և մահվան», - ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով, նույն բանը տեղի է ունեցել Պովոլժյեում և 20-ական թթ.-ից մշտապես տեղի է ունեցել Խորհրդային Միության այլ շրջաններում։
«Դա կարելի է գնահատել որպես ստրատոցիդ, սակայն ցեղասպանություն անվանել դա չի կարելի, քանի որ ուկրաինացի ժողովրդի հանդեպ խորհրդային կառավարությունը երբեք որևէ քայլ չի ձեռնարկել», - ասել է Հովհաննիսյանը։-0-